Քուվեյթի նոր էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը սեպտեմբերի 30-ին հավատարմության երդում է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջև՝ որպես երկրի նոր տիրակալ:
83-ամյա գահաժառանգ այքայազնը սեպտեմբերի 29-ին էմիր է հայտարարվել Քուվեյթի 91-ամյա էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի մահվանից հետո, որը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ հուլիսից բուժում էր անցնում: Արդեն այն ժամանակ պետության ղեկավարի հոսպիտալացման կապակցությամբ նրա խորթ եղբայր գահաժառանգ արքայազն Նավաֆն օժտվել էր մի շարք իշխանական լիազորություններով:
Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ գահաժառանգը տիրակալի մահվանից հետո ավտոմատ կերպով դառնում է էմիր, բայց ամբողջ իշխանությունն ընդունում է լոկ խորհրդարանի առջև երդում տալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: