Լուրեր
Մենք ամփոփում ենք մեր կորուստները․ առավոտյան կհրապարակենք․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 790 զինծառայողի, որոնցից 180-ը` Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ: Այս մասին սեպտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հատկապես թեժ են եղել մարտերը հյուսիսային և հարավային ուղղություններում: Հայկական կողմն արձանագրել է շեշտակի, զգալի հաջողություններ` օրվա ընթացքում խոցելով հակառակորդի զրահատեխնիկան, ԱԹՍ-ները, կենդանի ուժը: Մարտերի մեկնարկից մինչ օրս ոչնչացվել է Ադրբեջանի 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 1900 վիրավոր, խոցվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այժմ մարտերը շարունակվում են, հայկական կողմը հստակ կատարում է իր մարտական խնդիրը:

«Մենք ամփոփում ենք մեր կորուստները․ առավոտյան կհրապարակենք»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *