Լուրեր
Սա մեր ավարտական քննությունն է․ Զարեհ Սինանյան

Սփյուռքում նույնպես հայրենասիրական պոռթկում է, ինչպես Հայաստանում. ոգևորությունը հայրենիքին ծառայելու և սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը դրսևորվում է ամբողջ աշխարհի հայության մոտ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ գնահատելով հայության արձագանքը:

«Սփյուռքում անօգնականության զգացումը մի քիչ ավելի մեծ է, նկատելի է լարվածություն այն առումով, որ հեռու են և չեն կարող ներկա լինել և իրենց մասնակցությունն ունենալ»,- նշեց Սինանյանը:

Պատերազմի պայմաններում բոլոր բնագավառներում ամեն ինչ արագանում է: «Մեր գրասենյակում ստեղծվել են աշխատանքային նոր խմբեր, մի քիչ այլ ուղղությամբ ենք աշխատում, բոլորիս ուշադրության կենտրոնում պատերազմն է»,- նշեց Զ. Սինանյանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանը պատերազմող պետություն է, և ունի կարիքներ, բայց «տուշոնկա- զգուշոնկայի» ժամանակներն անցել են, մեզ կարող են օգնել գումարով, և անհարժեշտ ամեն ինչը կարող ենք ձեռք բերել այստեղ. «Պատերազմող երկիրն առաջին հերթին ունի դեղամիջոցների, առողջապահական գույքի անհրաժեշություն, ֆինանսների կարիք, քանի որ պատերազմ վարելը մեկ օրում հավելյալ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել է, և, իհարկե, նաև մարդկային ռեսուրսների կարիք: Մենք այլընտրանք չունենք պետք է հաղթենք»:

Սինանյանի հավաստմամբ՝ Սփյուռքում ավելի մեծ թվով մարդ է այս ամենին մասնակից լինելու ցանկություն հայտնել, քան ինքը պատկերացրել է. «Ցուցակներ են կազմվում, և այդ մարդիկ հնարավորություն կստանան իրենց պարտքը կատարելու հայրենիքի առաջ: Ռուսաստանից նույնպես մեծ թվով մարդիկ են ցանկություն հայտնել գալու, և նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղից վերջին 30 տարիներին երբևէ չեն եկել: Սա մեր էքզիստենցիալ պատերազմն է, սա մեր կենաց-մահու կռիվն է: Եվ կան սփյուռքահայեր, որ անհամբեր են, չեն սպասում, որ իրենց ցուցակագրեն կամ տեղափոխեն, իրենք տոմս են գնում և գալիս են»:

Զարեհ Սինանյանի խոսքով՝ պատերազմի առաջին ժամերին որոշում է կայացվել, որ բոլոր ֆինանսական հոսքերը պետք է փոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով. «Արդեն իսկ փոխանցվել է 3,2 մլն դոլար, դրամական հոսքերը շարունակվում են, և միտումը հուսադրող է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *