Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Պոդյոմ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանում արդեն 20 հազար կամավորներից բաղկացած ցուցակ է կազմվել և նախապատրաստվում է նրանց Արցախ ուղարկելու գործընթացը:
Նրա խոսքով, Արցախի վրա հարձակումը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ, նախապես ծրագրված գործողություն է, սադիզմ, բանդիտիզմ, ահաբեկչություն, որի նպատակը մեկն է՝ Ղարաբաղն՝ առանց հայերի: Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, քանի որ ավիահաղորդակցություն չկա, հնարավոր չէ օգնություն ուղարկել՝ նույնիսկ մարդասիրական:
ՌՀՄ-ն մտադիր է ռազմական տրանսպորտ խնդրել կամավորներին Արցախ ուղարկելու համար. արդեն ցուցակագրված շուրջ 20 հազար կամավոր կա, այդ թվում`մոտ հազար ռուսաստանցի, բայց այս պահին նրանց օգնության կարիքը չկա:
Աբրահամյանը նաև նշել է, որ ՌՀՄ-ն դիմելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հակամարտության դադարեցման հարցում օգնելու խնդրանքով: