Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության նպատակով հրավիրված աշխատակարգային նիստը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԴ աշխատակազմը:
Նիստի մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պարոն Աշոտ Խաչատրյանի առաջարկի հիման վրա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակը:
«Նշված նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրում կամ ինքնառաջադրում չի կատարվել, որի արդյունքում էլ ընտրություն տեղի չի ունեցել:
Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի հաջորդ ընտրությունը տեղի կունենա օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում»,- ասվում է հայտարարության մեջ: