Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանվել է 45 մլն 749 հզ. դոլարի կամ 217 հզ. կարատ ադամանդ՝ շուրջ 32%-ով պակաս, քան 2010-ին, երբ արտահանվել է 50 մլն 381 հզ. դոլարի կամ 288 հզ. կարատ: Ադամանդի արտահանման ծավալների կրճատումը ոլորտի ներկայացուցիչները բացատրում են նրանով, որ այս տարի վերամշակող ձեռնարկությունները նախորդ տարվա համեմատ սկսել են աշխատել ավելի ուշ՝ ապրիլից:
Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ ադամանդն ու ադամանդի հումքը խիստ քաղաքականացված արտադրական ուղղություն են համաշխարհային մասշտաբով: Որևէ տեղ ադամանդի նոր արտադրություն, ադամանդի հումքի վաճառք դնելիս պետության ղեկավարները անպայման պետք է մասնակցեն՝ լինի ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան թե Հայաստան:
Խոսելով ոլորտի միտումների մասին՝ Է.Գրիգորյանը դրանք որակեց «շատ պայծառ», քանի որ ռուսական «Ալռոսա» ընկերության հետ ձեռք էր բերվել հայկական ընկերություններին 30 մլն դոլար արժողության ալմաստ մատակարարելու մասին պայմանագիր:
«Ալռոսա»-ի հետ պայմանավորվածությունը կա, արտադրական հզորությունները ՀՀ-ում գոյություն ունեն, աշխատող-տաշողները սփռվել են ամբողջ աշխարհով, բայց հույս ունենք, որ կվերադառնան, նաև հայերն արագ սովորում են ադամանդ տաշել: Նախկին հզորությունները շուտով կվերականգնենք»,- վստահեցրեց Է.Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով, որ ոլորտի միակ խնդիրը հաճախակի ստուգումներն են. «ՀՀ-ում ադամանդների, ալմաստային հումքի, ոսկերչության դաշտը շատ լավն է, բոլոր օրենքները հոյակապ են, բայց խանգարում են բյուրոկրատական, ավելորդ ստուգումները: Լսում են՝ ադամանդ ու ոսկի, բոլորին թվում է՝ էնտեղ դրած է, պետք է գնալ ու վերցնել»:
Է.Գրիգորյանի խոսքով՝ ադամանդագործությունն ու ոսկերչությունը ամենածանր բիզնեսն են աշխարհում: Հումքի գները բարձր են, և այնքան, որքան պատրաստի իրի գինը: Այսօր 1 կգ ոսկու համար պետք է վճարել 52 հզ. դոլար: «Գտեք մի արտադրական ուղղություն, որը 10 հոգի աշխատեցնելով՝ պետք է 52 հզ. դոլարի հումք բերի: Ամենածանր բիզնեսն է՝ մեծ ֆինանսական ներդրումներով, շատ սահմանափակ օգուտներով, բայց մարդիկ չեն հասկանում, ու խանգարում են ստուգողները, մաքսայինը»,- ասաց Է.Գրիգորյանը:










































