Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։
«Լեռնային Ղարաբաղը արնահոսող վերք է դարձել, որին որոշակի ուժեր ապաքինվելու հնարավորություն չեն տալիս։
Այդ ցավից տուժում է ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները։ Ռուսաստանը տիտանական ջանքեր է գործադրում, որպեզի կողմերին ստիպի բանակցային սեղանի շուրջ նստել։ Սակայն դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել է Կադիրովը։
Կադիրովի կարծիքով՝ այս իրավիճակում կարևոր չէ, թե ով է առաջինը կրակել, քանի որ պատերազմի շարունակումն իրավիճակն ավելի է հեռացնում ողջամտությունից և մարդկայնությունից:
«Չեչեն ժողովուրդը, որը հրաշալի գիտի պատերազմի և խաղաղության գինը, ձեզ կոչ է անում կանգ առնել, զայրույթը փոխարինել ողջամտությամբ, սանձել հպարտությունը և հայրերին ու մայրերին իրենց երեխաներին ողջ-առողջ տեսնելու հնարավորություն տալ»,- նշել է Կադիրովը։
Ռամզան Կադիրովը նաև ՄԱԿ-ին, հարևան երկրներին և հոգևորականությանը կոչ է արել միանալ իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին։