ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Արցախւմ իրավիճակի կտրուկ սրումը, մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով գնդակոծման առիթով, ասվում է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում:
«Սեպտեմբերի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ: Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Լավրովը մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող գնդակոծությունների կապակցությամբ, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
«Ռուսական կողմը շեշտել է կրակի շուտափույտ դադարեցման անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքեր ձեռնարկել»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: