Կոմիտաս Վարդապետի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկելու են «Կոմիտաս» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոնով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
«Այս տարի, Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել այսօր երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու բոլոր պետական երգչախմբերը և մեկ մենակատար՝ Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև դաշնակահար Հայկ Մելիքյանը»,- նշեց Կոստանդյանը: