Առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամները այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում իրենց տպավորությունները ներկայացրին լրագրողներին: Մեր հավաքականը ներկայացել էր առանց առաջատարներ Լևոն Արոնյանի և Սերգեյ Մովսիսյանի: Ինչպես տեղեկացրեց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, Լևոն Արոնյանը Չինաստանից ուղևորվել է Ավստրալիա, իսկ Մովսիսյանը այսօր է մեկնել Հայաստանից:
Մարզչի խոսքերով՝ աշխարհի այս առաջնությունը ամենաուժեղն է եղել պատմության ընթացքում. առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել են ուժեղագույն 10 թիմից 9-ը: Արշակ Պետրոսյանի պնդմամբ՝ Հայաստանի հավաքականի հաջողության գրավականը թիմում տիրող մթնոլորտն է. «Մեր թիմում կա թիմային ոգի: Բոլորը՝ մեկի համար, մեկը՝ բոլորի: Մեզ մոտ ընտանեկան մթնոլորտ է»:
Գաբրիել Սարգսյանը նշեց, որ մի քիչ ավելի տհաճ է ադրբեջանցուն պարտվելը, սակայն կարևորը թիմային հաջողությունն է:
Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ ավելի հեշտ էր երրորդ խաղատախտակի վրա հանդես գալը, սակայն իր համար կապ չունի, թե որ խաղատախտակի վրա կխաղա, և բոլոր պարտիաներում էլ ձգտում է հաղթանակի:
Մեր թիմի ամենաերիտասարդ մասնակից Ռոբերտ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ շատ ուրախ է նման բարձրակարգ գրոսմայստերների հետ նույն թիմում խաղալու համար, և դա մեծ փորձ է: