Լոնդոնում կարող են սկսվել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումներ, որի համար հնարավոր է կամավորներին նախապես վարակեն COVID-19-ով, հաղորդում է Financial Times-ը:
Նախ, կամավորներին պատվաստելու են, իսկ մեկ ամիս անց նրանց վարակելու են Sars-CoV-2 վիրուսով: Դա անհրաժեշտ է դեղամիջոցի արդյունավետությունը ստուգելու համար:
Նշվում է, որ կամավորները կլինեն բժիշկների հսկողության ներքո, նրանց նաև կտրվի հակավիրուսային դեղամիջոց՝ բարդությունների ռիսկը նվազագույնի հասցնելու համար:
Ինչպես նշում է պարբերականը, փորձը նախատեսվում է սկսել 2021թ.-ի հունվարին Ուայթչեպելի մասնագիտացված կլինիկայում: Մոտ 2 հազար մարդ արդեն պատրաստ է մասնակցել փորձարկմանը:
Դեռ հայտնի չէ, թե ում մշակած դեղամիջոցի մասին է խոսքը: Ներկայումս Մեծ Բրիտանիայում երկու կորոնավիրուսային պատվաստանյութեր են փորձարկվում մարդկանց վրա: Առաջինը AstraZeneca-ի հետ համատեղ մշակվել է Օքսֆորդի համալսարանի կողմից, իսկ երկրորդը`Լոնդոնի Կայսերական քոլեջի կողմից: