.
Իսրայելի կառավարությունը սեպտեմբերի 24-ի առավոտյան հաստատել է կարանտինային միջոցառումների խստացումը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճի ֆոնին: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ երկրի կառավարությունը պլանավորում է կարանտինային սահմանափակումներն Իսրայելում խստացնել՝ սկսած սեպտեմբերի 25-ից և վերադառնալ ավելի մեղմ միջոցառումների, միայն եթե COVID-19-ի հիվանդացության ցուցանիշները նվազեն:
Թերթի տեղեկությունների համաձայն, Իսրայելի նախարարների կաբինետը սեպտեմբերի 24-ի առավոտյան հավանություն է տվել կարանտինի խստացմանը՝ կորոնավիրուսի հարցերի կառավարական հանձնաժողովից իրեն հանձնարարականներ ներկայացնելուց հետո:
Հաղորդվում է, որ խստացված միջոցառումները կգործեն սեպտեմբերի 25-ից սկսած երկու շաբաթ՝ ընդհուպ մինչև հոկտեմբերի 9-ին Սուկկոտ տոնի ավարտվելը:
Անցած օրվա ընթացքում Իսրայելի առողջապահության նախարարությունը գրանցել է ռեկորդային՝ գրեթե 7 հազար վարակման դեպք:
COVID-19-ի դեպքերի թիվը համավարակի սկսվելուց ի վեր գերազանցել է 200 հազարը: Իսրայելում սեպտեմբերի 18-ին ուժի մեջ է մտել կորոնավիրուսի պատճառով կրկնակի համազգային երեք շաբաթյա կարանտինը՝ այն երկարացնելու հնարավորությամբ: Մարդկանց թույլ են տվել իրենց տներից հեռանալ ոչ ավելի, քան մեկ կիլոմետր: Արգելել են հյուր գնալը, լողափերում հանգստանալը, փակ տարածքներում 10-ից ավելի մարդկանց, իսկ բաց տարածքներում 20-ից ավելի մարդկանց հավաքվելը:
Ուսումնական և ժամանցային հաստատությունները, սրճարանները, ռեստորանները և մարզական ակումները փակվել են: Նաև դադարեցրել են առևտրական կենտրոնների, վարասավիրանոցների և գեղեցկության սրահների աշխատանքը։