Նյու Յորքում երեքշաբթի օրը կմեկնարկի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական, 75-րդ նստաշրջանը, որի ժամանակ աշխարհի առաջնորդները առաջին անգամ ելույթ կունենան հեռավար՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Բոլոր երկրները խնդրել են ուղարկել նախապես ձայնագրված տեսաելույթները: Այսպիսով, առաջիկա շաբաթը կդառնա պատմության մեջ ամենամեծ միջազգային առցանց-իրադարձությունը, նշում է ՏԱՍՍ-ը: Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա կլինեն միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը և միջազգային կազմակերպությունում պետությունների մշտական ներկայացուցիչները, որոնք կներկայացնեն առաջնորդների ելույթները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր ասամբլեայում ուղերձով հանդես կգա հինգերորդ անգամ: Նա ելույթ կունենա երեքշաբթի առավոտյան նստաշրջանում՝ Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Չինաստանի, Չիլիի և Կուբայի ղեկավարներից հետո: