Լուրեր
«Դոսյեն» կազմվել է Հայաստանում. Դրա հեղինակների գրասենյակը երևում է ԱԱԾ շենքի 3-րդ, թե 4-րդ հարկի պատուհանից
  • 21:45
  • 2020-09-22
  • Դիտումներ՝ *

««Դոսյե»-ի հետաքննությունը մեկ նպատակ է հետապնդում՝ լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ ուսումնասիրության մեջ ոչ մի նոր բան չկար։ Հայաստանյան մամուլում տարիների ընթացքում այդ բոլոր տեղեկությունները մեծամասամբ հրապարակված են եղել։ Բացի դրանից, որպեսզի հասկանալի լինի դրա իրական նպատակը, հարկավոր է հասկանալ նաև, թե  ինչու Խոդորկովսկին և ինչու հիմա։ Ինչպես նաև, թե որտեղ է կազմվել այդ «դոսյեն»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։
Նրա կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում և միտումնավոր փորձ է արվել այն կապել ՌԴ աշխատակազմի կամ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալի  քարտուղարության հետ։

Հիշեցնենք, որ ըստ «Դոսյե» կենտրոնի հետաքննության՝ Հայաստանի բոլոր պետական կառույցներում, ինչպես նաև հասարակական դաշտում կան ռուսական գործակալներ։
Հետաքննության մեջ նաև կոնկրետ անուններ էին նշված։

Տարոն Սահակյանի խոսքով՝ այստեղ ուշագրավը Խոդորկովսկու հանգամանքն է, քանի որ Խոդորկովսկին շահագրգռված չէ, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումներ տեղի ունենան, և դա պայմանավորված է կոնկրետ գործով։ Միևնույն ժամանակ, ըստ Սահակյանի, Խոդորկովսկուն ձեռնտու է հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն առաջացնելը։

«Իմ անձնական  կարծիքով՝ «Դոսյեն» կազմվել է Հայաստանում այն ուժերի, անձանց կողմից, ովքեր շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների լարվածությամբ։ Այն ուժերի ու անձանց կողմից, ովքեր հակադրում են ռազմաքաղաքական ղեկավարությանը Նիկոլ Փաշինյանին, ու դրանից կարճ ժամանակ անց տավուշյան դեպքերն են լինում։ Սա ընդհանուր պետք է դիտարկել։ Ես կարող եմ նաև անուն-ազգանուններով ասել, բայց արդեն մի քանի անգամ ցուցմունք եմ տվել  ԱԱԾ-ում դրա վերաբերյալ։ Բայց կարող եմ ասել, որ իմ անձնական կարծիքով՝ ովքեր կանգնած էին նոր Հոկտեմբերի 27-ի կազմակերպման թիկունքում, նրանք էլ կանգնած են այս «դոսյեն» այս ճանապարհով շրջանառության մեջ դնելու գործի թիկունքում։ Դա մի կենտրոն է, մի կետ է, որի գրասենյակը երևում է ԱԱԾ շենքի 3-րդ, թե 4-րդ հարկի պատուհանից։ Այդ գրասենյակը գտնվում է քաղաքի կենտրոնում»,- ասաց Սահակյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *