
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
– Պարոն Շիրինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների տապալման մեղավորը Հայաստանի ղեկավարությունն է, և որ այս պահին փաստացի բանակցություններ տեղի չեն ունենում։ Հռետորաբանության այս փոփոխությունն ինչո՞վ եք պայմանավորում։
– Հեղափոխությունից հետո Հայաստանը հրաժարվել է տարածք հանձնել։ Երկրորդ՝ գողապետության պարագլուխները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այսօր ոչ մի հաջողություն չունեն, նրանք ևս տապալված են։ Նախկին երեք նախագահները բանակցել են տարածքներ հանձնելու շուրջ, այժմ դա փոխվել է։ Տավուշյան գործողություններից հետո էլ տեսանք բանակի վերակազմավորումը, և երևի իրենց գլխի վերևում տեսել են Հայաստանի կործանիչ ավիացիայի ինքնաթիռների թռիչքը։ Հիմա ինքն իրեն զգում է Հիտլերի բունկերում, կնոջ հետ այդ բունկերում ապրում է ու աշխարհից կտրված երգեր երգում։ Նա Քոչարյանի ու Սերժի հետ կապված մեծ հույսեր ուներ, բայց Նիկոլը մարեց այդ հույսերը՝ ինչպես ձմերուկն են խփում ու փշրում։ Արտգործնախարար Մնացականյանը, վարչապետ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը փշրել են այդ ձմերուկը։ Շոգ աշունը իրենց համար վերածվել է շոգեբաղնիքի, բնական է, որ իրենք դժգոհ են։
– Հիմա ստացվում է՝ իրենք խնդրում են, որ Հայաստանը բանակցի՞։
– Իհարկե։ Բայց հիմա Հայաստանը կարող է բանակցել միայն Ադրբեջանի կապիտուլյացիայի վերաբերյալ։ Որպեսզի փրկվի թյուրքական-ադրբեջանական պետությունը, իրենք պետք է բանակցեն՝ բավարարելով մեր պահանջները։ Եթե այսպես շարունակեն, մեր եղբայր ժողովուրդները՝ լեզգիները, թալիշներն են ապստամբելու։ Համաշխարհային հանրությանն այսպիսով դիմում է, որ իրեն օգնեն։ Ռուսաստանից գնած 5 միլիարդանոց զենքը չօգնեց, թուրքական «Յաշման» չօգնեց, հիմա ստիպված բանակցություն են մուրում։
Հեղափոխությունը Հայաստանում բարիք էր ու այդ բարիքը դրսևորվեց բունկերից խոսող Ալիևի բերանով։
– Հնարավո՞ր է առաջիկայում Բաքուն ու Անկարան նոր սադրանքների դիմեն։
– Սադրանք կարող են Ռոբերտն ու Սերժն անել, նրանք ի՞նչ սադրանք անող են, բանակը կանգնած է։ Հիմա սադրանք մենք ենք անելու։ Հիշո՞ւմ եք՝ իշխանափոխությունից հետո Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում հայտարարեց, որ մենք պրևենտիվ պատերազմ ենք մղելու, Հայաստանի տարածքում կռիվ չի լինելու, դա կլինի Ադրբեջանի վերահսկողության տարածքում ու շրջափակված Նախիջևանում։