«Պիրվելի» հեռուստաալիքը Հարավային Ամերիկայում գտնվող կանեփի խոշոր պլանտացիան կապում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ: Լրագրողները կասկածում են, որ Վրաստանի ամենահարուստ մարդը Ուրուգվայում բժշկական նպատակներով ներդրումներ է կատարել թմրանյութեր պարունակող բույսերի մշակության մեջ:
Ըստ «Պիրվելի»-ի թողարկման, Իվանիշվիլին կարող է կապված լինել PHARMIN ընկերության հետ, որը բժշկական, դեղագործական, վերականգնողական և սննդի արդյունաբերության համար կանեփի խոշորագույն մատակարարն է: Մոնտեվիդեոյի ազատ առևտրի գոտում ընկերությունը 2.5 հա ջերմոցներում կանեփ է աճեցնում և մի քանի վերամշակման գործարաններ ունի: Այստեղ հնարավոր է տարեկան 40 տոննա չոր մարիխուանա պատրաստել:
2018թ.-ին Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը բառացիորեն տարված էր մարիխուանայի մշակության գաղափարով: Իվանիշվիլին պնդում էր, որ դա երկրին հսկայական փողեր կբերի՝ տարեկան մեկից երկու միլիարդ դոլար միայն հումքի արտահանումից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: