WeChat չինական մեսենջերի աշխատանքը երկրում դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կատարումը սեպտեմբերի 20-ից ժամանակավորապես կասեցվել է ԱՄՆ Դաշնային դատարանի կողմից: Այս մասին հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Ըստ դատարանի՝ հրամանագիրը խախտում է խոսքի ազատության վերաբերյալ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը:
Դատարանը բավարար է համարել հայցվորների՝ ծրագրի օգտատերերի ներկայացրած հիմքերը առ այն, որ հրամանագիրը խախտում է իրենց իրավունքները:
Նրանք նշել են, որ շատերի համար WeChat-ը հասարակության մեջ հաղորդակցության միակ միջոցն է, այդ թվում` անգլերենի սահմանափակ իմացությամբ չինացիների համար:
Դատարանի որոշմամբ՝ Թրամփի վարչակազմը չի կարող նաև պահանջել ծրագրի հեռացումը Apple-ի և Google-ի խանութներից: