ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգային Ժողովում կայացած երդման արարողություններով Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները ստանձնեցին իրենց պաշտոնները։ Արդեն դատավոր ընտրված թեկնածուների վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնի է, նրանք երեքն էլ սկզբունքորեն անընդունելի էին, սակայն ընտրությունն արդեն իսկ կայացած փաստ է, իրողություն, որը ցավալիորեն ի չիք է դարձնում դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների հույսն ու ակնկալիքը։
Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է ընկրկենք դատաիրավական համակարգում անհրաժեշտ կենսական բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառության մեջ։ Ճիշտ հակառակը՝ այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը պետք է մեզ ստիպի բազմապատկել դատաիրավական ոլորտի արմատական բարեփոխումներին ուղղված ջանքն ու աշխատանքը։ Ես այդ բարեփոխումների իրականցման հնարավորություն դեռևս տեսնում եմ, պայմանով սակայն, որ կատարվածից հետո իշխանությունը պետք է կամք ցուցաբերի ու ընդունի, որ տեղի ունեցածն ուղղակի փակուղի է դատաիրավական արմատական փոփոխությունների համար, որոնք կենսական կարևորություն ունեն և՛ պետության ու հասարակության, և՛ հեղափոխության համար։
Ինքս՝ որպես սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ու դատաիրավական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործընթացների մասնակից՝ պատրաստ եմ իշխանության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու, այդ կենսական բարեփոխումների ճանապարհին այս ընտրությամբ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու ուղիները։ Բայց դա երկարաժամկետ հեռանկարի խնդիր է։ Ընթացիկ փուլում մեր կարևորագույն խնդիրը պետք է դառնա կանխել նոր ընտրված Սահմանադրական դատարանում սպասվող այն մտահոգիչ գործընթացները, որոնց մասին վերջին օրերին գրում է մամուլը և որոնք քննարկվում են քաղաքական կուլիսներում։ Որովհետև եթե Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվեց այդ ներկայացվող սխեմաներով ու ի դեմս այն անձերից մեկի, ում անունը շրջանառվում է այդ սխեմաներում, թաղվելու են դատաիրավական համակարգի բարեփոխումների բոլոր հեռանկարները՝ ամբողջովին անպաշտպան թողնելով Հայաստանի մանուկ ժողովրդավարությունը։
Խորապես համզոված եմ, որ դեռևս ամեն ինչ կորսված չէ և անգամ Սահմանադրական դատարանի այս կազմի առկայության պայմաններում կարելի է գտնել լուծումներ, որոնք կհամապատասխանեն գոնե «չարյաց փոքրագույնի» սկզբունքին։ Դա հնարավորություն կտա պահպանել երկրում ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է Սահմանադրական դատարանում առաջիկայում սպասվող փոփոխություններն իրանացնել հնարավորինս առողջ մթնոլորտում ու դրանից հետո անհապաղ քննարկել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։ Այդ ամենը պետք է ուղեկցվի իշխանության՝ դատական համակարգը առողջացնելու քաղաքական կամքի վերաբերյալ հայտարարությամբ, որին կհաջորդեն շատ որոշակի զտման աշխատանքներ դատական համակարգում։
Եթե այս նվազագույն քայլերը չկատարվեն, և ամեն ինչ ընթանա կանխորոշված հանրապետական սցենարով, Հայաստանի ժողովրդավարության ապագան կհայտնվի լրջագույն սպառնալիքի ներքո։ Վերը նշված քայլերը չափազանց կարևոր են նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջիկա աշխատանքի ու դրա արդյունքում ներկայացվելիք փաթեթի տեսանկյունից։ Որովհետև եթե չիրականացվեն այդ անհրաժեշտ նվազագույն քայլերը, մենք չենք կարող ակնկալել, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, օրինակ ինստիտուտների միավորումներին վերաբերող հիմնարար առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել։ Այս բոլոր քայլերի համար առաջին հերթին ու գլխավորապես անհրաժեշտ է իշխանության քաղաքական կամքը, ինչը գոնե այս պահին տեսանելի ու զգալի չէ։ Վկան՝ արդեն իսկ ընտրված ու պաշտոնները ստանձնած Սահմանադրական դատարանի նոր դատավորները։
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3656399541057413/?type=3&theater