«Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցություններն այսօր ԱԺ-ում չմասնակցեցին ՍԴ դատավորների ընտրությանը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն դիմել են ՍԴ, որպեսզի ԱԺ- կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշվի: «Եթե վիճարկում ես այդ հարցը, ապա տեղին չէր լինի ՍԴ նոր անդամների ընտրության քվեարկությանը մսնակցել»:
Արկադի Խաչատրյանի դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրավական խնդիրները բազմազան են… ՍԴ առանձին անդամներից ազատվելու կամ նրանց պաշտոնավարումը դադարեցնելու համար անհրաժեշտություն չկար սահմանադրական փոփոխություն իրականացնել այս պահին, հատկապես, որ երկրում շատ կարևոր և արդիական հարցեր կային՝ սկսած կորոնավիրուսից, վերջացրած տնտեսական ոլորտի հարցերով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում առաջարկվեց ստեղծել քննիչ հանձնաժողով՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով:
Հարցին, թե ինչն է մղել այդ քայլին՝ Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ ամռանն իրավունքի ուժով հանձնաժողովն արդեն իսկ ստեղծված՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի նախաձեռնությամբ: «Այդ հանձնաժողովի նախագահությունը վերապահվել է ինձ: Այսօր ԱԺ-ում քննարկվում էր այն նախագիծը, թե քանի անդամ պետք է ունենա հանձնաժողովը… Քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի պարետատան և կառավարության իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, պետք է պարզի՝ ինչ է արվել կորոնավիրուսի դեմ պայքարում, և ինչ գին է վճարվում ուշացման համար»:
Մանրամասն՝ տեսանյութում: