Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ և անգամ ռազմական համագործակցության և հետախուզական տվյալների հաղորդման կասեցմամբ, եթե զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) գնման վերաբերյալ Անկարայի կողմից հայտարարված տենդերում հաղթի ռուսական С-300 (ԶՀՀ)։
Վաշինգթոնն իր մոտեցումը պատճառաբանում է Ռուսաստանին (ինչպես նաև Չինաստանին) գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսքով, ինչը կարող է տեղի ունենալ, եթե ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայում մարտական ծառայության անցնեն ռուսական С-300-ները, որոնք իրենց հերթին պետք է հանդիսանան ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը։
Փորձագետները, սակայն, այն կարծիքին են, որ դրանով ԱՄՆ-ը ցանկանում է, որ պաշտոնական Անկարան նախապատվություն տա զենքի արտադրությամբ զբաղվող ամերիկյան ընկերություններին, որոնք նույնպես մասնակցում են այդ տենդերին։ Դրանով ԱՄՆ-ը միաժամանակ իր դժգոհությունն է հայտնում Թուրքիայի չափազանց ինքնուրույն արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ։
Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) մասին տենդերը (T-LORAMIDS, Turkish Long Range Air and Missile Defence System) Թուրքիայի կառավարության կողմից հավանության էր արժանացել դեռևս 2005 թվականին։ Այն ենթադրում է միջին հեռահարության գործունեության շառավղով բալիստիկ հրթիռներից բաղկացած պաշտպանական համակարգի ստեղծում։
Փորձագետների հաշվարկով՝ T-LORAMIDS-ը պետք է 50-300 կիլոմետր հեռավորության վրա խոցի հակառակորդի ամեն տիպի օդային թիրախ։ Սկզբնական փուլում Թուրքիան մտադիր է գնել ԶՀՀ-ի 4 մարտկոց՝ ներառյալ կանխազարկ հրթիռները և համապատասխան ռադիոտեղորոշիչ համակարգերը։ Հետագայում պլանավորված է ևս 8 մարտկոցի գնումը։
Ներկայումս Թուրքիան չունի հեռահար և բարձր գործողության ԶՀՀ-ներ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի կեսերին էլ Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան իր հերթին ԱՄՆ-ից պահանջում էր սեփական տարածքում տեղակայվելիք ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) ստացված տվյալները ոչ մի կերպ չհաղորդել Ւսրայելին՝ դա պատճառաբանելով նրանով, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, իսկ այդ ՌՏԿ-ն կազմելու է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը։











































