Չինաստանի կառավարությունը ևս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծվող 16 տեսակի ապրանքներ: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Հարկերի և տուրքերի կոմիտեի՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
Այդ ապրանքների թվում են անասնակերի ձկնալյուրը, լուբրիկանտները և քսանյութերը, յուղերը, լիցքավորված մասնիկների բժշկական գծային արագացուցիչները և այլ ապրանքներ: Այս միջոցի գործողությունը կտևի մինչև 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 19-ին հայտնել է, որ հետաձգել Է Պեկինի հետ առևտրային բանակցությունները: Նա հայտարարել է, որ չի ցանկանում այժմ «գործ ունենալ» ՉԺՀ-ի հետ:
Հուլիսի 23-ին նա նաև նշել Է, որ Պեկինի հետ երկկողմ առևտրական գործարքի կարևորությունը նվազել է նոր կորոնավիրուսի հարուցած համավարակի ֆոնին: Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ Չինաստանը ձեռնամուխ է եղել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման «ռեկորդային ծավալներով»:
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրական գործարքի առաջին փուլի շուրջը համաձայնությունների կնքման արարողությունը կայացել է հունվարի 15-ին Վաշինգտոնում:
Փաստաթղթի տակ ստորագրություններ են դրել Թրամփը և ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: ՉԺՀ-ն համաձայնվել Է 76,7 միլիարդ դոլարով և 123,3 միլիարդ դոլարով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին և երկրորդ տարվա ընթացքում: Խոսքը վերաբերում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ այլ ապրանքների: Վաշինգտոնը հույս ունի, որ այս կերպ իրեն կհաջողվի Էապես կրճատել առևտրական պակասուրդը: