Ալեքսեյ Նավալնիի շտաբի համակարգողները ՌԴ երկու քաղաքներում՝ Նովոսիբիրսկում և Տոմսկում, նախնական տվյալների համաձայն հաղթել են սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ընտրություններում:
Տոմսկի մարզում Նավալնիի շտաբի համակարգող Քսենիա Ֆադեևան հաղթում է Տոմսկի քաղաքային դումայի ընտրություններում: Այս մասին հաղորդել է ինքը՝ Ֆադեևան և նրա համախոհները՝ ընտրատարածքում ձայների հաշվարկի նախնական արդյունքներին հղումով: Ձայները հաշվարկվել են բոլոր ընտրատեղամասերում, որոնցից 9-ից 7-ում Ֆադեևան առաջ է անցել «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուից:
Հակակոռուպցիոն հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը նշել է, որ Ֆադեևան Նավալնիի շտաբների ցանցի առաջին համակարգողն է, որը հաղթում է Ռուսաստանում անցկացվող ընտրություններում: Նա նաև գրել է. «Հենց Տոմսկում են թունավորել Նավալնիին: Սա շտաբի լավագույն արձագանքն է»:
Նավալնիի տեղական շտաբի մեկ այլ ներկայացուցիչ՝ Անդրեյ Ֆատեևը, նույնպես կանցնի Տոմսկի քաղաքային դումա: Նա երկու անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան իր մրցակիցը՝ «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Սերգեյ Պանասյուկը, որը Տոմսկում կոռուպցիայի մասին Ալեքսեյ Նավալնիի ֆիլմի հերոսներից մեկն է:
Նավալնիի մարզային շտաբի երկրորդ ղեկավարը, որը հաղթել է ընտրություններում՝ Սերգեյ Բոյկոն է: Նովոսիբիրսկի քաղաքային խորհրդի ընտրություններում նա հաղթել է շրջաններից մեկում: