Թուրքիան ցանկանում է Լիբիայի տարածքային ջրերում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքներ իրականացնել և այդ նպատակով բանակցում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, հաղորդում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ Անկարան որոնումները նախատեսում է իրականացնել Լիբիայի տարածքային ջրերի Սիրթեի ավազանում, որը համարվում է էներգակիրների պոտենցյալ ունեցող հատված: Որոնողական աշխատանքներ կարող են իրականացվել նաև Լիբիայի ցամաքային տարածքներում:
Բանակցությունների օրակարգում քննարկվում են նաև էլեկտրաէներգիայի արտադրության և խողովակաշարերի նախագծերի հետ կապված հարցեր:
Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված «Ազգային համաձայնության կառավարությունը», որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում «Լիբիայի ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարի հետ: