Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սատարել է բելառուս ցուցարարներին: Այս մասին նա ասել է Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված պոդկաստում:
«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում Բելառուսի իրադարձություններին: Այնտեղ ժողովրդավարությունը բառացիորեն ոնտահարված է: Մեր մտքերը խաղաղ ցուցարարների հետ են: Համարձակությունն ու վճռականությունը, որով նրանք փողոց են դուրս գալիս հանուն ազատության և օրենքի գերակայության՝ հիացմունք են առաջացնում»,- ասել է Մերկելը:
Նրա խոսքով, ներկայումս կարելի է տեսնել, որ նույնիսկ ավտորիտար համակարգերը կարող են տնտեսապես հաջողված լինել և մարտահրավեր նետել կայացած ժողովրդավարությանը բազմաթիվ ոլորտներում, բայց հիմնական իրավունքների ոտնահարման հաշվին: Մերկելը շեշտել է, որ դա եվրոպական ուղին չէ:
Կանցլերը հորդորել է չմոռանալ, թե ինչ մեծ ձեռքբերում է ժողովրդավարությունը, և նշել է, որ ամեն գնով անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական արժեքները:
«Մենք Գերմանիայում կարող ենք մեզ երջանիկ համարել, որ ժողովրդավարությունն ու ազատությունը, օրենքի գերակայությունն ու քաղաքական պատասխանատվությունն ամուր են արմատավորված մեր մեջ»,- շեշտել է Մերկելը՝ հավելելով, որ, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, պետք է մշտապես աշխատել այդ ամենը պահպանելու համար: