Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Բահրեյնի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավումը՝ համարելով, որ դա կվնասի Պաղեստինի ժողովրդի շահերի պաշտպանությանը: Այս մասին նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 11-ին Բահրեյնը և Իսրայելը հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Խաղաղության համաձայնագրերի ստորագրման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին, այն պետք է տեղի ունենա Վաշինգտոնում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բահրեյնի որոշումը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, ԱՄԷ-ի օրինակով, խախտելով Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում իր պարտավորությունները», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Անկարան կարծում է, որ այս քայլը ոգեշնչելու է Իսրայելին շարունակել «Պաղեստինի տարածքի գրավումը մշտական դարձնելու փորձերը»:
Թուրքական կողմը Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու միակ ուղին անվանել է «Պաղեստինյան հիմնահարցի արդարացի և համապարփակ լուծումը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում»: