Լուրեր
Արդարադատությանը ձեռ են առնում․ Մարտի 1-ի գործով շան գլուխն այլ տեղ է թաղված
  • 21:00
  • 2020-09-11
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավագետ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Նախ փորձենք հասկանալ այն փոփոխությունների տրամաբանությունն ու հերթականությունը, որոնք իրականացվելու են դատական համակարգում. Սահմանադրական դատարանի կնճիռը դեռ չհարթված է համարվում, բայց արդեն առաջացել է Գերագույն դատարան ստեղծելու գաղափարը, ինչքանո՞վ են այս նախաձեռնությունները փոխկապակցված։

– Որևէ փաստաթուղթ չկա, որպեսզի կարողանանք ավելի մանրամասն, առարկայական քննարկել այդ խնդիրը, ես լսել եմ հանձնաժողովի անդամների երկու-երեք ելույթներ, ավելի դետալային քննարկման համար կսպասեի հայեցակարգին, բայց քանի որ այսօր այդ հարցն ակտուալ է, կփորձեմ պատասխանել՝ այն բաժանելով երկու մասի:

Նախ՝ որոշ անդամներ առաջարկում են ստեղծել Գերագույն դատարան, հետո նոր Սահմանադրական դատարանը միավորել Գերագույն դատարանին: Այն մասնագետները, ովքեր տեղյակ են 90-ականների սկզբից տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումներից, առաջին Սահմանադրությունից և այլն, նրանք կվկայեն, որ երկրից, ղեկավարությունից, իրավական հասարակությունից հսկայական ջանքեր պահանջվեցին, մինչև կարողացանք հրաժարվել սովետական Գերագույն դատարանից և ստեղծեցինք եռօղակ դատական համակարգ՝ Առաջին ատյանի դատարան, Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան… Դատական համակարգի անկախության ապահովման տեսանկյունից ճիշտ էր ֆունկցիոնալ ատյանների սահմանազատումը: Այսօր Վճռաբեկը մնացել է միան որպես իրավունքի դատարան, ես չգիտեմ այսօր, որ ասում են՝ ստեղծում ենք Գերագույն դատարան, ուղղակի Վճռաբեկի անունն են փոխում, դնում Գերագո՞ւյն, թե՞ ստեղծում են իմ վկայակոչած վատ կառուցվածքով նախկին Գերագույն դատարանի նման դատարան, ինչը դատական համակարգի անխախությունը կհավասարեցնի զրոյի:

– Գերագույն դատարանի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ դրվելուց հետո կարծիք հայտնվեց, որ այդ քայլը ընդամենը ՍԴ-ից հրաժարվելու համար է արվում:

– Ես այդպես չեմ կարծում, եթե գնում են սահմանադրական հանրաքվեի, ՍԴ անդամներից ազատվելը, այսպես ասած, տեխնիկայի հարց է:

Մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, ես ասացի, որ Վճռաբեկը իրավունքի դատարան է: Իսկ Սահմանադրական դատարանը, բացի իրավունքի, օրենքի, Սահմանադրության հարցեր քննելուց, քննում է նաև փաստեր: Այսինքն՝ մենք փաստի և իրավունքի դատարանը միացնում ենք մաքուր իրավունքի դատարանին:

– Եվ ո՞րն է դրա իմաստը:

– Ես չեմ կարող ասել, սպասենք, թե ինչ փաստարկներ կներկայացնեն այդ առաջարկի հեղինակները…

– Վստահ եմ՝ հետևում եք Մարտի մեկի գործով վերջին զարգացումներին. տուժողների իրավահաջորդները և փաստաբանական խումբը հրաժարվեցին դատական նիստերին մասնակցելուց, ի՞նչ եք կարծում՝ ճի՞շտ քայլ էր դա:

– Եթե խնդիրը դիտարկում ենք զուտ իրավական հարթության մեջ, քայլը սխալ է, որովհետև տուժողը մեղադրանքի կողմն է ներկայացնում, և այդ մեղադրող կողմի մի մասի բացակայությունը դատարանի դատաքննություններից, այս նախապատրաստական փուլերից թուլացնում է մեղադրանքի կողմին, բայց այստեղ շան գլուխը ուրիշ տեղ է թաղված: Այդ ծնողները, տուժողների ներկայացուցիչները արդեն մեկ տարի չորս ամիս է՝ համբերատար սպասում են, որ դատաքննություն կսկսվի, դա շատ դժվար է, և ես կարծում եմ, որ այս նախապատրաստական փուլը իր չափ ու սահմանը սպառել է, արդեն վաղուց տեղի է ունենում պաշտպանական իրավունքի չարաշահում, նույն միջնորդություններն են, նույն բացարկները՝ տարբեր հիմնավորումներով և այլն։ Արդեն 1 տարի 4 ամիս է՝ կրկնվում է:

– Ձեր նկարագրած մթնոլորտը բերեց նրան, որ արդարադատության նախարարը խոստովանեց, որ այս գործով արդարադատությունից խուսափելու միտում է նկատվում:

– Ես կասեի ուղղակի ձեռ են առնում արդարադատությանը, ոչ թե խուսափում են արդարադատությունից: Դատարանը քրեական դատավարական օրենսգրքով ունի իրեն տրված բոլոր լիազորությունները ընդհատելու իրավունքի չարաշահման ցանկացած դեպք և առաջ անցնելու: Ես կարծում եմ, որ ժամանակն է, եթե չասենք, որ ուշացել ենք առնվազն 4-5 ամիս, որ այս գործը մտնի դատաքննության փուլ, այդ ծնողների համար գիտե՞ք ինչ ծանր հոգեբանական վիճակ է, ինչ տանջանք է, 10 տարի սպասել են նախորդ իշխանությունների օրոք՝ հուսալով, որ իշխանափոխությունից հետո արագ կբացահայտվի Մարտի մեկը, հիմնական մեղավորները, կոնկրետ հանցագործություն կատարողները կգան, կենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց հիմա էլ մեկ տարի չորս ամիս է՝ նստած իրավաբանական լեկցիաներ են լսում, սա շատ ծանր է, և ես՝ որպես մեղադրանքի կողմ ներկայացնող, իրենց վարքագիծը չեմ արդարացնում, բայց որպես մարդ, որպես նաև իրենց ճանաչող՝ ես իրենց շատ լավ հասկանում եմ, հոգնել են: Եվ կարծում եմ՝ մեր հասարակության մի զգալի մասը արդեն հոգնել է այս դատավարությունից, բուն դատավարությունը դեռ չսկսված արդեն հոգնել են, մարդիկ տեսնում են, որ, այսպես ասած, ամիսներ շարունակ ջուր են ծեծում…

– Եկեք նաև դատախազության հանգամանքին անդրադառնանք. ինչո՞ւ է դատախազության ներկայացրած խափանման միջոցի հարցը այդքան երկար քննում Վճռաբեկը:

– Գործող օրենսդրությամբ բողոքների քննարկումը արագ չի լինում, ժամկետներ կան, չեն ձգձգում, Վճռաբեկում բնականոն պրոցես է: Ես ուղղակի չեմ հասկանում այն, որ արդեն երկու անգամ խափանման միջոցի խնդիրը ծեծվեց… Մեր դատական համակարգում չկան այն սահմանված չափանիշները, թե որ պարագայում անձը, անկախ իր դեմքից, դիրքից, ունեցվածքից, պետք է գտնվի այս կարգավիճակում, որ պարագայում՝ ազատության մեջ, սա է խնդիրը, և սա մեր դատական համակարգի հիվանդության դրսևորումներից մեկն է, սա հիվանդության սիմպտոմ է, որ նույն խնդիրը արդեն մեկ անգամ Վճռաբեկ դատարանը իր շատ մանրամասն, գրագետ, համափարփակ որոշմամբ փակել էր, բայց այն նորից տարբեր ատյաններում դարձել է քննարկման առարկա։ Հիվանդ է մեր դատական համակարգը, և նախորդ երկու տարիներին ոչինչ չենք արել, որպեսզի այդ համակարգն առողջացնենք։ Երկարաժամկետ ծրագրեր կան, որոնք միտված են համակարգը զտելուն, բայց ժողովրդի լեզվով ասած՝ այդ խմորը դեռ շատ ջուր է ուզելու:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *