Հաքերները, որոնց ենթադրաբար աջակցում է Ռուսաստանը, հարձակվել են SKDKnickerbocker ամերիկյան խորհրդատվական ընկերության աշխատակիցների վրա: Այս ընկերության հետ համագործակցում է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի շտաբը, հաղորդում է Reuters-ը՝ աղբյուրներին հղումով:
Ըստ նրանց, հարձակման մասին ընկերությանը նախազգուշացրել են Microsoft-ի մասնագետները: Հաղորդվում է, որ հարձակումը ձախողվել է: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է հաքերների ենթադրյալ կապը Ռուսաստանի հետ, իսկ Բայդենի մամուլի քարտուղարը չի պատասխանել գործակալության հարցմանը:
Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերների վրա հարձակումներին մասնակից հաքերների երկու խումբը՝ Cozy Bear-ը և Fancy Bear-ը, ամերիկյան հատուկ ծառայությունները կապում են ռուսական ռազմական հետախուզության հետ: Օգոստոսին Հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Ուիլյամ Իվեյնինան ասել է, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները փորձում են միջամտել 2020-ի ընտրություններին: