Արտակարգ դրությանը կփոխարինի կարանտինային ռեժիմը. ինչպիսի՞ ազդակ է սա տնտեսության համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշեց, որ տնտեսության և տնտեսվարողների համար կարևոր է, թե այդ ռեժիմով ինչ սահմանափակումներ են նախատեսվում:
«Ճգնաժամերի ժամանակ մի քանի փուլ են անցնում, առաջին փուլում, երբ ճգնաժամն արագ ներխուժում է տնտեսություն, տնտեսվարողները բախվում են լիկվիդայնության խնդրին: Եթե կառավարությունը ձեռք է մեկնում տնտեսվարողներին և փորձում լիկվիդայնությունն ավելի կառավարելի դարձնել, հնարավորություն է լինում, որ մեծ թվով գործազրկություն չլինի, բայց գործազրկությունն անխուսափելի է, որ պետք է աճի… »,- նշեց Վ.Արամյանը՝ հավելելով, որ տնտեսական ճգնաժամի ժամանակ կարևոր է ժամանակի ճիշտ զգացողությունը և գործողությունների արագությունը:
Անդրադառնալով վարկային ներումներին, ֆինանսների նախկին նախարարը նշեց, որ վարկային ներումների մասով ամբողջ աշխարհում զգուշավորություն է. «Ներումների պարագայում վարքագիծ է ձևավորվում, և շատ ավելի լավ է վարկերի մարումը հետաձգել և հնարավորություն տալ պարտավորությունները կատարել, քան ներումների գնալ»:
Համավարակային իրավիճակում իրականացված ծրագրերի վերաբերյալ մեր զրուցակիցն ընդգծեց, որ գործիքակազմեր կան, որ ուղղված են սպառողներին և գործիքակազմեր կան, որ ուղղված են տնտեսվարողներին. «Երկուսն էլ պետք է արվի, բայց ավելի առաջնային է տնտեսվարողներին օգնելը, որովհետև այդպես կառավարությունն օգնում է ինքն իրեն…»:
«Պետք է փրկել ֆինանսկական հատվածը, դա մեր արյունատար անոթն է… Կասկածում եմ, որ տնտեսական անկումից հետո 2021թ․-ին 7 տոկոսանոց տնտեսական աճ կունենանք․»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: