Ժողովրդավարական նոր Հայաստանում պետք է որ ամրագրված լինի բոլորի խոսքի ազատությունը, բոլորի կարծիքի գոյության իրավունքը. այս դեպքում ԲՀԿ-ն, որպես խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժ և Գագիկ Ծառուկյանը որպես այդ ուժի ղեկավար հնչեցնում է իր մտահոգությունները տարբեր ոլորտներում առկա ձախողումների և տապալումների վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Կլինե՞ն իշխանությունները հաղորդակից մեր հնչեցրած մտահոգություններին, կընդունե՞ն մեր հնչեցրած մտահոգությունները այս կամ այն ոլորտում առկա խնդիրների, տապալումների վերաբերյալ, միգուցե ինչ-որ բան կընդունեն ի գիտություն և կփորձեն այս կամ այն ոլորտում առկա խնդիր ինչ-որ կերպ շտկել, մենք դրա համար շատ ուրախ կլինենք»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք չափազանցված չէ Ծառուկյանի արած հայտարարությանը, թե ժողովուրդը երեբեք այսքան վատ չի ապրել, որքան հիմա, Տոնոյանն արձագանքեց. «Վստահաբար չափազանցված չէ, որովհետև մարզերում մեր հանդիպումների ժամանակ մենք ականատես ենք լինում շատ լուրջ խնդիրների»: