Բեյրութում փրկարարները ավարտել են որոնողական աշխատանքները, որոնք վերսկսել էին այս շաբաթվա սկզբին՝ նավահանգստում պայթյունից հետո փրկվածներ գտնելու հույսով:
Մի քանի օր առաջ Չիլիի մասնագետների թիմի սենսորը քաղաքի տուժած տարածքներից մեկում փլատակների տակ գտնվող մարդկանց հավանական ներկայություն էր ցույց տվել: Սակայն հետագայում որոնման խմբի անդամները եկան այն եզրակացության, որ սենսորը, ամենայն հավանականությամբ, պարզապես արձանագրել է իրենցից մեկի սրտի բաբախյունը: «Ավելին ասելու կարիք չկա: Այնտեղ չկան ոչ ողջ մնացածներ, ոչ էլ մահացածներ»,- France-Presse-ին ասել է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Աբու Մուսան:
Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո յոթ մարդու ճակատագիրն անհայտ է: Ավելի քան 190 մարդ է մահացել, ևս վեցուկես հազարը՝ վիրավորվել: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Նավահանգստի պահեստում 3 հազար տոննա ամոնիումի նիտրատի պայթյունից հետո ավերվել է քաղաքի զգալի մասը: