Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Philenews» հունա-կիպրական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Կիպրոսի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Ըստ նրա, դա տեղի կունենա, եթե երկու կողմերն էլ համապատասխան ցանկություն հայտնեն:
«Մենք պատրաստ ենք աջակցել Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, բայց, իհարկե, միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ շահագրգիռ լինեն և խնդրեն մեզ այդ մասին», – ասել է Լավրովը:
Դիվանագետը նաև նշել է, որ ռուսական կողմը արևելյան Միջերկրական ծովի երկրների ղեկավարությանը բազմիցս կոչ է արել «լուծելու վեճերը բացառապես իրավական դաշտում, խաղաղ ճանապարհով» ։