Ադրբեջանը չի մասնակցի «Կովկաս – 2020» զորավարժություններին, փոխարենը երկիրը դիտորդներ կուղարկի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից:
«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս – 2020» զորավարժություններին, որոնք Ռուսաստանում կանցկացվեն այս տարվա սեպտեմբերին: Որպես դիտորդ նախատեսվում է երկու զինծառայող ուղարկել վերը նշված զորավարժություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով հրաժարվում է մասնակցել «Կովկաս – 2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք սեպտեմբերին կանցկացվեն Ռուսաստանի մի քանի հարավային շրջաններում: Նշենք, որ զորավարժություններին կգան Պակիստանի զինվորականները, որոնց հետ անցյալ տարի Հնդկաստանը սահմանին զինված բախում ունեցավ: