Ռուսաստանի 27-ամյա քաղաքացի Եգոր Կրյուչկովին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դավադրություն է կազմակերպել կիբերհարձակում իրականացնելու համար այն բանից հետո, երբ փորձել է կաշառել Նևադայում գտնվող Tesla գործարանի աշխատակցին, որ վերջինս իր համակարգչային ցանցում վնասակար ծրագրեր ներբեռնի: Մեղադրանքների վավերության վերաբերյալ մեծ ժյուրիի որոշման մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքը՝ գրում է svoboda.org-ը:
Կրյուչկովը ձերբակալվել էր օգոստոսին: Հետաքննության համաձայն՝ նա Tesla-ի աշխատակցին առաջարկել է մեկ միլիոն դոլար՝ խարդախ սխեմայի իրականացմանը մասնակցելու համար: Ըստ ամերիկյան պաշտոնյաների՝ հուլիսի կեսերից ռուսաստանցին մի քանի անգամ հանդիպել է գործարանի ռուսալեզու աշխատակցին՝ քննարկելու համար իր ծրագիրը: Այն բանից հետո, երբ ՀԴԲ գործակալները կապվել են նրա հետ, Կրյուչկովը խնդրել է իր ծանոթին ավիատոմս գնել իր համար՝ փորձելով հեռանալ երկրից Լոս Անջելեսի օդանավակայանով, որտեղ էլ ձերբակալվել է օգոստոսի 22-ին: