ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը նույնպես համաձայնել է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես դա ավելի վաղ արել էր Միացյալ Նահանգները:
Այս մասին Թրամփը հայտարարել է իր կարճ ելույթում՝ սերբա-կոսովյան պատմական համաձայնագրի ստորագրումից առաջ, որում ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես միջնորդ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ներկայությամբ, որը ժամանել էր Սպիտակ տուն՝ Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեծ պայմանագիր կնքելու համար, Թրամփը հաղորդել է, որ Իսրայելում Սերբիայի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը կդառնա այս համաձայնագրի մի մասը:
Համաձայնագիրը ներառում է նաև իսրայելա-կոսովյան ճանաչումը: «Կոսովոն և Իսրայելը պայմանավորվել են հարաբերությունները կարգավորելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», – հայտարարել է Դոնալդ Թրամփը: Մինչ այժմ Իսրայելը չէր ճանաչում Կոսովոյի անկախությունը, իսկ Պրիշտինան ՝ Իսրայելը:
ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Իսրայելի միաժամանակյա պայմանավորվածությունը Սերբիայի և Կոսովոյի հետ աննախադեպ է:
Մինչ այժմ Սերբիան դժգոհությամբ էր ընդունում Կոսովոյի անկախությունը ճանաչած բոլոր պետությունների որոշումները:
Պաշտոնական Բելգրադը մինչ օրս Կոսովոն իր պետության տարածքի մի մասն է համարում:
Նշենք, որ ժամանակին ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը հանգեցրեց Գազայի հատվածի սահմանին անկարգությունների, տասնյակ մարդիկ զոհվեցին: