ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում. առաջին համատեղ վարժանքները կանցկացվեն «Կովկաս-2020» զորաշարժերի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Առաջարկվել է ահաբեկչության դեմ պայքարի գծով համատեղ առաջադրանքները մշակել սեպտեմբերի վերջին՝ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքների ժամանակ»,-ասել է նա՝ ամփոփելով ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքները:
Շոյգուի խոսքով՝ համատեղ կոմյունիկեում պաշտպանության նախարարներն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը համարել են իրենց գերակայությունը:
Թե հատկապես ինչ ձևաչափով կանցկացվեն առաջին համատեղ վարժանքները, դեռ չի ճշտվում՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: