Լուրեր
Քաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մեծացման
  • 10:00
  • 2020-09-04
  • Դիտումներ՝ *

Տնտեսապես ի՞նչ վիճակում է Հայաստանը, արդյո՞ք տնտեսական ճգնաժամի մեջ ենք․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վերահսկիչ պալատի առաջին նախագահ Աշոտ Թավադյանը պատասխանեց․ «Պետք է ասեմ, որ վերջին կես տարվա ընթացքում տնտեսական անկում, իհարկե, ունենք։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կես տարվա ընթացքում նվազել է 4,7 տոկոսով, իսկ եթե մենք համեմատենք այս տարվա հունիսն անցյալ տարվա հունիսի հետ, ապա անկումը կազմում է 7,5 տոկոս։ Բայց մի լավ ցուցանիշ պետք է ասեմ․ եթե մենք համեմատում ենք հունիսի ցուցանիշը մայիսի նկատմամբ, ապա արդեն ունենք աճ՝ մոտ 15 տոկոս։

Երբեմն ինձ հարցնում են՝ էդ ինչպե՞ս է ստացվում, որ Եվրոպայում, ավելի զարգացած երկրներում անկումն ավելի բարձր է, քան մեր մոտ։ Ես պետք է ասեմ հետևյալը․ ճիշտ կլինի, որ մենք համեմատենք ոչ թե իրական ցուցանիշի, այլ այն պոտենցիալի, ներուժի հետ, որը մենք ունեինք։ Անցյալ տարի մենք 7 տոկոս աճ ունեցանք, որը մասնագետների կողմից նախատեսված էր նաև այս տարի։ Եթե համեմատենք 7 տոկոս աճի հետ, ապա, այո՛, պոտենցիալ առումով անկումը մեր մոտ մի քիչ ավելի շատ էր։ Կոնկրետ անկումը, սակայն, կազմում է մոտ 4,7 տոկոս կես տարվա ընթացքում։

Նաև կարևորագույն ցուցանիշի՝ արտահանման առումով ունենք անկում։ Ինչո՞ւ եմ դա նշում, որովհետև փոքր տնտեսություն ունեցող երկրի համար արտահանումն առանցքային ցուցանիշ է։ Այստեղ մենք ունենք 6,5 տոկոս անկում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է նրանով, որ ունենք 20 տոկոսից ավելի անկում տեքստիլի գծով, որը մեր արտահանման 6,5 տոկոսն էր կազմում։ Բայց հետաքրքիրն այն է, որ գյուղատնտեսական մթերքների գծով ոչ միայն անկում չունենք, այլ նույնիսկ ունենք 14 տոկոս աճ՝ հիմնականում դեպի Ռուսաստան։ Պետք է նշեմ, որ կաթնամթերքի առումով նույնիսկ 50 տոկոս աճ ունենք։

Ակնհայտ է, որ ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է։ Այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք, որովհետև այն մեզ համար գերակա ոլորտ էր համարվում։ Զբոսաշրջության հետ փոխկապակցված կտրուկ անկում ունենք նաև հյուրանոցային համալիրի առումով։

Պետք է նշեմ, որ լուրջ խնդիր ունենք նաև տրանսֆերտների առումով։ Տարեկան 250 հազար մարդ մեկնում է արտագնա աշխատանքի։ Ճիշտ է՝ դա լավ չէ, որ մենք աշխատուժն արտահանում ենք, բայց տրանսֆերտների առումով դա կարևորագույն ցուցանիշ է։ Մենք տարեկան ստանում էինք մոտ 1 միլիարդ 800 միլիոն դոլարի տրանսֆերտ, բայց տեսեք, որ արդեն առաջին կիսամյակում այդ առումով ունենք 30 անկում»։

  • Դիտումներ՝ *