Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ իր տպավորությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են լարվածության թուլացմամբ: Նա ասել է, թե այդ տպավորությունը գալիս է երկու երկրների արտգործնախարարների հետ շփումներից:
Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է, այսպես ասած, վերականգնել հանդիպումների ձևաչափը: Այստեղ, իհարկե, լարվածության թուլացման հանգամանքը շարժառիթներից մեկն է, ընդ որում՝ երևի թե ամենափոքրը, որովհետև Լավրովն էլ է լավ հասկանում, որ իրավիճակի լարումը պայմանավորված է բոլորովին այլ հանգամանքներով, քան բանակցության կամ հանդիպման լինել-չլինելը:
Լավրովի առանցքային նպատակն իհարկե այլ է՝ հանդիպումների ձևաչափի միջոցով փորձել վերականգնել Ադրբեջանի հետ քաղաքական շփումները հնարավորինս լայն ու խորը առումով և այդ կերպ կարողանալ դիմակայել Ադրբեջանում թուրքական գերազդեցության մարտահրավերին: Այդ մարտահրավերը Անկարան նետել է տավուշյան մարտերից հետո, սակայն ավելի ճիշտ կլինի ասել՝ օգտագործել է առիթը մարտահրավերը բացելու համար, քանի որ ինքնին, որպես այդպիսին, Թուրքիան Ռուսաստանին այն նետել է վաղուց: Եվ քանի որ Թուրքիան բացել է այն, խաղում է առանց երկիմաստության, իրավիճակը Ռուսաստանի համար ավելի է բարդացել:
Իհարկե, տավուշյան ապտակով Հայաստանը Մոսկվային էլ տվեց Ադրբեջանի հետ ավելի ուժեղ խոսելու հնարավորություն, բայց ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան բռնել է Բաքվին շատ ամուր, և Մոսկվայի համար ներկայումս կա խնդիր՝ դուրս բերել Ադրբեջանը թուրքական գրկից: Բաքուն էլ դեմ չի լինի, սակայն կփորձի քաղել առավելագույնը:
Այստեղ հարցն այն է, թե արդյոք Երևանը, ռազմական առումով տալով Մոսկվային հնարավորություն, կտա՞ նաև դիվանագիտական-քաղաքական առումով: Թերևս արժե տալ այդ հնարավորությունը, բայց իհարկե սահմանելով դրա համար որոշակի ռազմաքաղաքական գին, որը բավարար կլինի նաև Մոսկվա-Բաքու գիծը առավելագույնս կառավարելու համար:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի