Զավեշտն այստեղ այն է, որ Արմեն Աշոտյանը, ով իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է համաժողովրդական դժգոհությանն ու հայհոյանքներին, ով իր գործունեությամբ վաստակել է հայկական նոր հայհոյանքի բրենդը, որի հեղինակը ժողովուրդն է, 2015-ից հայկական նոր հայհոյանք կա ի պատիվ իր «լավ» աշխատանքի, և նա փորձում է գնահատականներ տալ իմ անցած ուղուն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որտեղ վերջինս իր հասցեին ասել էր. «ԳԱԻ նախկին տեսուչն իրեն իրավունք է վերապահում խոսելու ռազմական ստրատեգի դիրքերից»:
«Իմ անցած ուղու գնահատականն արդեն տրվել է ժողովրդի կողմից, նաև բազմաթիվ անգամ պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից: Հնարավորինս արժանացել եմ ժողովրդի շնորհակալական խոսքին, ինչը կարող են փաստել հազարավոր մարդիկ: Խորհուրդ կտամ Աշոտյանին մնալ քաղաքավարության և բարոյականության շրջանակներում, և երբևէ չանցնել չափը: Այս խորհուրդը բխում է իր շահերից և լավ կլինի, որ նա այդ խորհրդին հետևից»: