Ինչպես հաղորդել է РИА Новости-ն, Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր ռուսաստանյան սեկցիայի ղեկավար Անդրեյ Սմագան երկուշաբթի հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացիների հետ: Այս մասին այսօր հայտնել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: «Ռուսաստանի հյուպատոսը երկուշաբթի հանդիպել է ձերբակալվածների հետ: Ավելին ասել չեմ կարող»,-նշել է Կալանդաձեն:
Ըստ РИА Новости-ի` մեկնաբանություններից հրաժարվել է նաև Սմագան: «Այդ հարցի մեկնաբանությունն իմ իրավասությունների մեջ չի մտնում: Բոլոր հարցերին կարող Է պատասխանել ԱԳՆ-ն»,-ասել Է Սմագան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցողների խումբ բացահայտեց, 15 հոգի ձերբակալվեցին, որոնցից երկուսը ազատ արձակվեցին: Ըստ Վրաստանի իշխանությունների հայտարարությունների` Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվողների շարքում են ՌԴ չորս քաղաքացիներ` Արմեն Գևորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրե Դևրիշաձեն և Յուրի Սկրիլնիկովը: ՌԴ ԱԳՆ-ն սա որակել էր որպես «քարոզչական հնարք»: