Ավստրիան կասկածում է Թուրքիային լրտեսության մեջ՝ այդ երկրի նախագահ Էրդողանին Ալպյան երկրում քննադատողներին հետևող ենթադրյալ լրտեսի ձերբակալությունից հետո:
Երկրի ՆԳՆ ղեկավար Կառլ Նեհամերը ձերբակալության մասին հաղորդել է երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ավստրիական Die Presse պարբերականը:
«Ավստրիայում թուրքական լրտեսության համար տեղ չկա: Ակնհայտ է, որ մենք չենք հանդուրժի նման մոտեցումը»,- ասել է Նեհամերը:
Նրա խոսքով, Ավստրիան ձերբակալության հետ կապված դիվանագիտական քայլեր կձեռնարկի: Իսկ դատական իշխանությունը լրտեսության մեղադրանք կառաջադրի:
Հավանական լրտեսը հայտնաբերվել է մի քանի շաբաթ առաջ Վիեննայում քուրդ և թուրք ազգայնական ցուցարարների միջև տեղի ունեցած ընդհարման հետաքննության ընթացքում:
Հայտնի է, որ այդ մարդը նախկինում ձերբակալվել է Թուրքիայում, և թուրքական հատուկ ծառայությունները փորձել են նրան օգտագործել Ավստրիայում հայրենակիցներին լրտեսելու համար: Փոխարենը նրան ազատ են արձակել: Նշվում է, որ այդ անձը համապատասխան ցուցմունք է տվել:
Բերման ենթարկվածը հավանաբար կին է: Նրա մասին ավելի մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվել: