Թուրքիան հանդես է գալիս Միջերկրական ծովում էներգապաշարների արդարացի բաշխման օգտին: Այդ մասին սեպտեմբերի 1-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
Թուրքիան պատրաստ է բանակցությունների և հանդես է գալիս պաշարների արդարացի բաշխման օգտին»,- ընդգծել է հանրապետության ԱԳՆ-ի ղեկավարը:
Չավուշօղլուն նաև նախազգուշացրել է Հունաստանին՝ զերծ մանլ Կաստելորիզո կղզի զինվորականներ ուղարկելուց՝ կարծիք հայտնելով, թե այդ դեպքում Աթենքը «տանուլ տված կողմ կլինի»:
Հունիսի 9-ին Հունաստանը և Իտալիան համաձայնագիր են կնքել Հոնիական ծովում երկու երկրների միջև բացառիկ տնտեսական գոտիների (ԲՏԳ) սահմանագծման շուրջը: Օգոստոսի 6-ին Հունաստանի և Եգիպտոսի ԱԳՆ-երն ստորագրել են համաձայնագիր Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման շուրջը: Այդ երկու համաձայնագրերն էլ արդեն վավերացված են Հունաստանի խորհրդարանի կողմից: Աթենքը պլաններ ունի նաև ապագայում համանման համաձայնագրեր կնքել Կիպրոսի, Լիբիայի, իսկ եթե հնարավոր լինի, ապա նաև Թուրքիայի հետ: Օգոստոսի 26-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորհրդարանում հայտարարել է, որ «անհապաղ օրինագծի ներկայացմամբ Հունաստանը» Հոնիական ծովում «ընդլայնում է դեպի արևմուտք իր տարածքային ջրերը 6 ծովային մղոնից մինչև 12 ծովային մղոն»: