Հուլիսի 24-ին Ֆրանսիայի Դեզին Շարպյե քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակման փորձ կատարած թուրք ծայրահեղականները պատասխանատվության կենթարկվեն, հայտնում է Sputnik-Արմենիան` վկայակոչելով Le Parisien-ին:
30000 բնակչություն ունեցող Դեզին Շարպյեում շուրջ 4000 հայ է ապրում: Հուլիսի 24-ին 600 մարդ է հավաքվել հանրահավաքի՝ ընդդեմ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի: «Հանրահավաքը խաղաղ էր, դրան մասնակցում էին նաև քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ»,- ասել է քաղաքի հայ համայնքի ակտիվիստներից Դանի-Կլոդ Զարդարյանը։
Նրա խոսքով, շուրջ հարյուր զինված թուրք ակտիվիստներ փորձել են խափանել հանրահավաքը: Թուրք «ցուցարարները» զինված են եղել մետաղյա ձողերով: Նրանք մի քանի ավտոմեքենա են ջարդել: Ֆրանսիայի ազգային գվարդիան (CRS) արցունքաբեր գազ է կիրառել: Ձերբակալվել է չորս թուրք ակտիվիստ (նրանցից մեկն անչափահաս է):