ԱՄՆ-ն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որում նա Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալների ձերբակալումն «Ուկրաինայի և ԱՄՆ-ի հատուկ գործողություն է» անվանել:
Ինչպես նշում է «Ամերիկայի ձայնը», այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսի մեկնաբանություններում:
«Այս պատմությունները ուշադրությունը շեղում են բուն խնդրից, որի էություն այն է, որ Ռուսաստանն այդ ուժերն օգտագործում է այլ երկրների կառավարություններին անհարմար վիճակի մեջ դնելու, երկրների ներսում երկպառակությունը մեծացնելու, ավտոկրատներին աջակցելու և, ընդհանուր առմամբ, քաոս ստեղծելուն ուղղված իր համառ ջանքերը քողարկելու համար, որպեսզի Ռուսաստանը գլոբալ իրադարձությունների վրա ազդելու հնարավորություն ունենա: Բելառուսի ժողովրդին ինքնիշխան իրավունքներից զրկելու Ռուսաստանի բացահայտ ջանքերն անընդունելի են»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է իր երկրի առաջնորդին իսկապես ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրելու բելառուս ժողովրդի իրավունքը՝ անկախ դիտորդների մասնակցությամբ, և առանց Ռուսաստանի հատուկ ծառայությունների ազդեցության: