Աշխարհի 20 երկրներում հարցվածների 71,5% -ը համաձայն է կամավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս արդյունքները ստացվել են Բարսելոնայի Ընդհանուր առողջության ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆրի Լազարուսի ղեկավարած ուսումնասիրության ընթացքում:
Ընդ որում, գործատուի առաջարկությամբ, կորոնավիրուսի դեմ պատրաստ է պատվաստվել հարցվածների միայն 61,4%-ը: Ամերիկացի և իսպանացի սոցիոլոգները հարցում են անցկացրել երկու տասնյակ երկրների 13,5 հազար բնակիչների շրջանում:
Պատվաստմանը կողմ է արտահայտվել Չինաստանի, Բրազիլիայի և Հարավային Կորեայի քաղաքացիների ավելի քան 80% -ը, Լեհաստանի և Ֆրանսիայի բնակիչների 60% -ից պակասը, Ռուսաստանում` 55%-ը:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մոլորակի ոչ բոլոր բնակիչներն են պատրաստ պատվաստվել COVID-19-ի դեմ։ Սա տագնապալի միտում է․ այն ցույց է տալիս, որ համավարակի հետևանքների ամբողջական վերացումը կարող է հետաձգվել՝ աշխարհի տարբեր երկրներին բնորոշ պատվաստումների անհամաչափ մակարդակի պատճառով», – ասվում է հրապարակման մեջ:








































