Օգոստոսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի հետ, որի ընթացքում քննարկել են երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի փոփոխությունների իրականացմանը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում բազմակողմ համագործակցության խնդիրներին։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանի հետ։
Վերջինս այս կապակցությամբ կարծիք հայտնեց, որ, ակնհայտորեն, նմանատիպ հանդիպումները շատ անհրաժեշտ են, հատկապես երբ հարցը դիտարկում ենք էներգետիկ անվտանգության տիրույթում․
«Իսկ սա ենթադրում է համապատասխան հռետորաբանության կիրառում առ այն, որ կողմերը պատրաստ են զարգացնել էներգետիկ երկխոսությունը։ Եվ սա հատկապես կարևոր է այն համատեքստում, որ Իրանը, ինչպես տեսնում ենք, շատ դինամիկորեն զարգացնում է իր էներգետիկ ռազմավարությունը Կասպից-կովկասյան տարածաշրջանում՝ փորձելով իր դիրքերն ամրապնդել թե՛ Հարավային Կովկասի էներգետիկ շուկաներում, թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ առհասարակ Մերձավոր Արևելքում»,- նկատեց Դավթյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի կիրառական կողմին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այստեղ ունենք բազմաթիվ խնդիրներ, և առնվազն պետք է արձանագրենք, որ երրորդ օդային գիծը պետք է շահագործման հանձնված լիներ դեռևս 2019-ի ձմռանը՝ ինչպես նախատեսված էր նախագծով․
«Բայց շինաշխատանքներն ընթանում էին դժվարությամբ, տարատեսակ խնդիրներ կային՝ կապված հողային տարածքների օտարման հետ, և այս տարեսկզբին արդեն ունեինք մի իրավիճակ, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծի նախագիծը պատրաստ էր ընդամենը 25-30 տոկոսով։ Այսօր իշխանությունները խոստանում են, որ մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցնեն նախագիծը, բայց ես փոքր-ինչ սնահավատորեն եմ մոտենում դրան, որովհետև տարբեր կանխատեսումներ կան, հստակություն չկա»,- ընդգծեց Վահե Դավթյանը:
Դավթյանի խոսքերով՝ պիտի հստակ հասկանանք, որ այս նախագիծն ունի առանցքային ռազմավարական նշանակություն ՀՀ-ի համար՝ հատկապես էներգատրանսպորտային փակուղին, որի մեջ այսօր գտնվում ենք՝ ճեղքելու առումով․
«Երրորդ օդային գիծը, որ պիտի միացնի ՀՀ-ն և Իրանը, մաս է կազմում ավելի մեծ տարածաշրջանային՝ հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի, որը պիտի միացնի Իրանի, Հայաստանի, Վրաստանի և ՌԴ-ի էներգետիկ ցանցերը՝ սինխրոնիզացնելով այս պետությունների էներգետիկ համակարգերը։ Ուստի, նախագիծը շատ ավելի լայն աշխարհաքաղաքական իմաստ ունի»,- ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ պիտի հասկանանք նաև, որ առկա խնդիրներին զուգահեռ՝ Ադրբեջանն այսօր բավականին ինտենսիվորեն օրակարգ է մտցնում Իրան-Ադրբեջան-ՌԴ միջանցքի ձևավորման նախագիծը։
«Օրեր առաջ էլ Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները հանդիպեցին և հայտարարեցին, որ աշխատելու են այդ ուղղությամբ, ինչը մեր էներգետիկ անվտանգության համար լուրջ մարտահրավեր է»,- նշեց նա:
Նախ և առաջ, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, առկա են գազային համաձայնագրեր ՀՀ-ի և «Գազպրոմի» միջև և դրանք, իհարկե, որոշակի սահմանափակումներ են ենթադրում, բայց մենք Իրանից շարունակում ենք բնական գազ ներկրել, որի մեծ մասն իրականացվում է բարտերային գործարքի շրջանակներում՝ մեկ խորանարդի դիմաց մենք վերադարձնում ենք 3,2 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
«Բայց ՀՀ-ում այս պահի դրությամբ չկա լրացուցիչ գազի պահանջարկ, մենք բավականին համեստ շուկա ենք և վերջին տարիներին տեսնում ենք նաև, որ բնական գազի սպառումը համեստ է ընթանում, չունենք աճող դինամիկա, ըստ այդմ ասել, որ Իրան-Հայաստան գազամուղով կարող ենք ավելացնել ներկրումը Հայաստանի ներսում սպառում ավելացնելու համար, ըստ իս՝ դրա համար չունենք հստակ նախադրյալներ։
Եկեք չմոռանանք, որ Իրանն ու ՌԴ-ն, ըստ էության, ռազմավարական գործընկերներ են, համագործակցում են ռազմաքաղաքական առումով, տնտեսական, «պատժամիջոցային ակումբի» անդամներ են և այլն, և այլն, և ես չեմ կարծում, որ Իրանը պատրաստ է Հայաստանի՝ բավականին համեստ շուկայի համար գնալ ՌԴ-ի հետ էներգետիկ գազատրանսպորտային ոլորտում հարաբերությունների վատթարացման»,- եզրափակեց Վահե Դավթյանը։