Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Խունդկարյանի թեկնածությունն ավելի խայտառակ է, քան Վահրամ Ավետիսյանինը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

Կառավարության կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանը երկու օր առաջ հետ կանչեց իր թեկնածությունը։ Ինչպե՞ս եք գնահատում Ավետիսյանի այդ քայլը, և ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ Սահմանադրական դատարանի ձևավորման հետագա գործընթացի վրա։

Արդեն իսկ առիթ ունեցել եմ ասելու, որ Վահրամ Ավետիսյանի կողմից իր թեկնածությունը հետ կանչելու որոշումը ողջունելի է ու դրական, քանի որ հակառակը լինելու էր ժամանակի ու ռեսուրսների անտեղի վատնում։ Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջացրեց հանրային լայն ռեզոնանս ու ընդդիմախոսություն, վեր հանվեցին բոլոր այն հիմնավորումներն ու փաստարկները, որոնք անհնարին ու անարդյունավետ էին դարձնելու Ավետիսյանի պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Եվ թեկնածուի քայլը՝ հետ կանչել իր թեկնածությունը, վկայում է նրա համարժեքության ու հանրային տրամադրությունները պատշաճ գնահատելու կարողության մասին։ Եվ  պետք է հույս ունենալ, որ Վահրամ Ավետիսյանի այս որոշումը նախադեպային կդառնա նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված մյուս երկու թեկնածուների՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի և հանրապետության նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի համար։ Այս երկու թեկնածությունները ևս հանրության կողմից միարժեք չեն ընդունվել, հնչել են և դեռ կհնչեն այդ պաշտոնում նրանց անհամատեղելիության մասին վկայող տասնյակ փաստարկներ ու հիմնավորումներ։ Վստահաբար նրանց ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ևս չի կայանալու, և եթե նրանք հետ չկանչեն իրենց թեկնածությունները, հետագա գործընթացը դառնալու է կրկին ժամանակի ու ռեսուրսների անտեղի վատնում։ Կոչ եմ անում Երվանդ Խունդկարյանին ու Արթուր Վաղարշյանին հետևել իրենց գործընկերոջ՝ Վահրամ Ավետիսյանի օրինակին և հնարավորություն տալ սահմանադիր մարմիններին Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն իրականացնելու ավելի արդյունավետորեն, առանց ժամանակի վատնումների և, ի վերջո, ձևավորելու այնպիսի Սահմանադրական դատարան, որն ունենալու համար նախաձեռնվել է սահմանադրական ճգնաժամի հաղթահարման երկարատև գործընթացը։

Դուք հույս եք հայտնում, որ Խունդկարյանն ու Վաղարշյանը ևս կհետևեն Վահրամ Ավետիսյանի քայլին, սակայն երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են Խունդկարյանի հետ, և, ըստ տարբեր տեղեկությունների, իմքայլականները դրական են տրամադրված նրա թեկնածությանը։ Այդ պայմաններում որքանո՞վ եք հնարավոր համարում, որ Խունդկարյանը ևս կարող է հետ կանչել իր թեկնածությունը։

Պետք է նշեմ, որ իրականում Երվանդ Խունդկարյանի թեկնածության առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավոր շատ ավելի խայտառակ ու անթույլատրելի քայլ է, քան Վահրամ Ավետիսյանի պարագան, որի անձն ըստ էության անընդունելի էր այն պատճառով, որ նրա հայրը՝ Դավիթ Ավետիսյանը, եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը։ Խունդկարյանի պարագան միանգամայն այլ է, նա ոչ թե միջնորդավորված, ինչպես Ավետիսյանը, այլ անձամբ է պատասխանատու Հայաստանի դատական համակարգի խայտառակ վիճակի համար։ Այսինքն՝ մենք հիմա ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրում ենք մեկին, ով անձամբ ավելի քան տասը տարի բարձրագույն պաշտոն է զբաղեցրել դատական համակարգում և անձնական պատասխանատվություն է կրում դրա բոլոր արատների համար։ Ընդ որում, այս առաջադրումը հակասում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու հռչակումներին։ Ավելի քան մեկ տարի առաջ՝ դատաիրավական բարեփոխումներին նվիրված 2019 թվականի մայիսի 19-ի հայտնի ելույթում, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համակարգին վերաբերող հետևյալ դրույթները՝ անցումային արդարադատություն, խախտումներով գործող դատավորների հեռացում, սահմանադրական փոփոխություններ. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հատկապես վերջին կետին, ըստ որի՝ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել 2008 թվականի հոկտեմբերին։ Այդ ընթացքում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատով անցած թվով 13 գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է իրավունքի խախտումներ, որով ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է վճարել 312,898 դոլարի փոխհատուցում։ Բոլոր այս վճիռների համար անձամբ պատասխանատու է այդ տարիներին Վճռաբեկ դատարանը նախագահած Երվանդ Խունդկարյանը, և եթե Նիկոլ Փաշինյանը հետամուտ լիներ իր իսկ հայտարարությանը, ապա նա վաղուց պետք է հեռացված լիներ դատական համակարգից և ենթարկված լիներ պատասխանատվության։ Բայց դրա փոխարեն նա առաջադրվում է ՍԴ նախագահի պաշտոնում, ինչը մեծագույն հարված է հենց դատական համակարգի հեղինակությանը։ Ընդ որում, Խունդկարյանի գործունեության արատավոր հատվածները չեն սահմանափակվում  միայն ՄԻԵԴ վճիռներով։ Վճռաբեկ դատարանի վատ աշխատանքին ու թույլ տված սխալներին անդրադարձել է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը իր՝ 2013 թվականի հայտնի զեկույցում՝ դատական համակարգի կոռումպացվածության համար մեղադրելով Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին:

Մեջբերեմ այդ զեկույցից մի հատված. «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, որոնց թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»: Այս պնդումները Մարդու իրավունքների պաշտպանը հիմնավորել էր՝ մանրամասն նկարագրելով այդ անձանց կազմած կոռուպցիոն մեխանիզմները, պալատների նախագահների ու զոնալ դատավորների կողմից դատավորների վրա ճնշումները, մշտապես արձանագրվող խախտումները և երկակի ստանդարտները Արդարադատության խորհրդում, արձանագրվող խախտումները և երկակի ստանդարտները Վճռաբեկ դատարանում:

Այս ամենը ուղղակիորեն առնչվում է Երվանդ Խունդկարյանի անձին, նա համապարտ պատասխանատվություն է կրում դատական համակարգի բոլոր արատների, խայտառակ վիճակի համար։ Եվ այդքանից հետո նրա թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում նշանակում է, որ այսօր էլ մենք շարունակում ենք հովանավորել այն ապօրինությունները, կոռուպցիան, հանցավորությունը, որոնք տեղ են գտել դատական համակարգում։ Ի լրումն այս ամենի՝ խնդիր կա նաև Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու գործընթացի լեգիտիմության հետ կապված։ Այդ մասին Դատավորների ընդհանուր ժողովից անմիջապես հետո բարձրաձայնել էլ փաստաբան Գևորգ Գյոզալյանը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովում որպես ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի մրցակիցը՝ Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանը, հաշվիչ հանձնաժողով վերահաշվարկի դիմում է ներկայացրել։ Բոլոր այս հանգամանքներն ու գործոնները վկայում են, որ Երվանդ Խունդկարյանը որևէ պարագայում չի կարող ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր, եթե անգամ «Իմ քայլի» անդամներին բավարարել են այդ հանդիպման ընթացքում իրենց հարցերին նրա տված պատասխանները։ Չեմ ուզում հավատալ, որ «Իմ քայլի» իմ գործընկերները, առնվազն նրանց մեծամասնությունը, չեն գիտակցում այս հարցի կարևորությունն ու լրջությունը և կարող են նման հնչեղ, սկանդալային փաստերի առկայության պարագայում կողմ քվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը։ Ես անձամբ ամեն ինչ անելու եմ դա թույլ չտալու համար և ունեմ նախնական մտադրություն՝ առաջիկայում ԱԺ-ում ձևավորել խումբ, որում կմիավորվեն ՍԴ դատավորի թեկնածուներին դեմ պատգամավորները, ինչպես նաև իրավաբանները, իրավապաշտպանները, հանրային հատվածի ներկայացուցիչները։ Այդ խմբի շրջանակներում մենք հանրությանը կներկայացնենք այս թեկնածուների անընդունելի լինելու մասին բոլոր փաստարկներն ու հիմնավորումները, իսկ դրանք, վստահեցնում եմ, ավելի քան բավարար են, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ դատավոր։ Հենց դա հաշվի առնելով եմ նաև նրան կոչ անում՝ հետևել Վահրամ Ավետիսյանի օրինակին և մեզ ազատել ժամանակի ու ռեսուրսների անտեղի վատնումից։

Արդյոք այս զարգացումները, թեկնածուների առաջադրումներն ու նրանց հետկանչը կամ հնարավոր հետկանչը ավելի չե՞ն խորացնում սահմանադրական ճգնաժամը. փաստացի հիմա երկիրն ապրում է առանց Սահմանադրական դատարանի։

Թեկնածուների հրաժարումներով դատարանակազմության գործընթացն, իհարկե, կարող է ձգձգվել, բայց առավել նախընտրելի է թեկուզ ժամանակային առումով ավելի ուշ, այդուհանդերձ ունենալ անբասիր ու անխոցելի Սահմանադրական դատարան, քան տուրք տալ ամեն ինչ արագ ավարտելու մոլորությանը ու ձևավորել ոչ համարժեք ՍԴ։ Ընդ որում, առաջիկա գործընթացները, նոր թեկնածուների ընտրությունն ու առաջադրումները պետք է տեղի ունենան առավել թափանցիկ ընթացակարգերով՝ չթողնելով կասկածի որևէ տեղ, քանի որ արդեն իսկ հնչում են մանիպուլյատիվ տեսակետներ, թե Վահրամ Ավետիսյանի հրաժարումը վկայում է իշխանությունների կողմից կառավարելի Սահմանադրական դատարան ձևավորելու ցանկության մասին։ Այդ տեսակետներն իհարկե անհիմն են, քանի որ եթե իշխանությունը նման ցանկություն ունենար, ի սկզբանե չէր առաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Այդուհանդերձ, այս հարցում պետք է լինել չափազանց նրբանկատ՝ ապագայում առաջադրվելիք թեկնածուների հետ կապված որևէ կասկածի կամ թերահավատության առիթ  չտալու համար։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե որևէ մեկին՝ իշխանությանը, ընդդիմությանը, ներկաներին, նախկիններին կամ այլ սուբյեկտների ենթակա ՍԴ, այլ իրապես անկախ, անաչառ, մասնագիտական ու անձնային ամենաբարձր որակներ կրող դատավորներից բաղկացած Սահմանադրական դատարան, որի կայացրած առանց բացառության բոլոր վճիռները ընդունելի կլինեն բոլորի, առանց բացառության բոլորի համար։ Ակնհայտ է, որ այս որակներին չէր համապատասխանում Վահրամ Ավետիսյանը, ով բավարար կամք ու վճռականություն ունեցավ հետ կանչելու իր թեկնածությունը։ Ակնհայտ է նաև, որ այդպիսի որակներ չունեն նաև Խունդկարյանն ու Վաղարշյանը, որոնք նույնպես պետք է բավարար համարձակություն ցուցաբերեն իրենց թեկնածությունները հետ կանչելու համար։ Սահմանադրական ճգնաժամը շատ ավելի կխորանա, եթե մենք այսօր չկանխենք նման արատավոր թեկնածուի ընտրությունը՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր, որը, ըստ որոշ տեղեկությունների, հավակնում է դառնալ ՍԴ նախագահ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում