«Տարածաշրջանային համատեքստ և իսրայելա-թուրքական հարաբերությունների շարժընթացը» թեմայով Կովկասի ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան հետաքրքրված է տնտեսական կապերով և այնպիսի տպավորություն է թողնում, որ ինքը պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ: Արևելագետը կարծում է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը չի ազդի թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Ռուբեն Սաֆրաստյանի հավաստմամբ, այդ ռազմավարությունը չի ազդի նաև Իսրայել-ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: «Այդ հարաբերությունները կզարգանան իրենց ներքին տրամաբանությամբ»,- ասաց նա: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նշեց, որ Իսրայելը կարիք ունի բարելավելու իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Ըստ Ա. Իսկանդարյանի` Թուրքիան ձգտում է նոր տեղ զբաղեցնել տարածաշրջանում և կարիք ունի մոդեռնացման: Այդ իսկ պատճառով էլ, ըստ քաղաքագետի, նա էլ իր հերթին է փորձեր անում համագործակցելու արաբական աշխարհի երկրների հետ: Նա հիշեցրեց, որ ժամանակին Իսրայելում թուրքական ֆիլմերի ցուցադրման հետ կապված տեղի է ունեցել սկանդալ: