Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Ճակատագրի դառը հեգնանք կամ՝ «Մոնոմախի ծանր գլխարկը»․ ինչո՞ւ Փաշինյանը շտապեց շնորհավորել Լուկաշենկոյին

«Սա ճակատագրի դառը հեգնանք է, երբ հաղթած հեղափոխության առաջնորդը շնորհավորում է բռնակալի, դիկտատորի, որը ճնշում է նույնպիսի հեղափոխություն, ինչպիսին եղավ Հայաստանում։ Բայց մյուս կողմից բոլորս էլ հասկանում ենք, որ Փաշինյանը արել է դա աշխարհաքաղաքական նկատառումների պատճառով, քանի որ նա այդպես է տեսնում Հայաստանի ազգային շահերը։ Նա գիտեր, որ Ալիևն արդեն շնորհավորել է, և եթե Լուկաշենկոն մնա իր աթոռին, ինքն էլ շնորհավորած չլինի, ապա դա նշանակում է նոր զենք Ադրբեջանին, նոր գործարքներ Ադրբեջանի հետ։ Բացի այդ, նրան կարող էր շատ թախանձագին խնդրած լինել Պուտինը։ Ըստ ամենայնի, նա ծանր ու թեթև է արել բոլոր գործոնները և որոշել է այդպես վարվել։ Ինչպես ռուս դասականն էր գրում՝ «ծանր է Մոնոմախի գլխարկը»։

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած վիճահարույց ընտրություններից հետո իրավիճակը նախկին խորհրդային այս հանրապետությունում շարունակում է լարված մնալ։ Ըստ պաշտոնական տվյալների, իհարկե, նախնական հաշվարկներով՝ ընտրություններում ձայների ավելի քան 80 տոկոսով հաղթել է գործող նախագահը՝ արդեն 26 տարի երկիրը անընդմեջ կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկրորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, որը ըստ նույն տվյալների՝ ստացել է քվեների 9.9 տոկոսը։ Սակայն միջազգային դիտորդներից և լրատվամիջոցներից շատերը համոզված են, որ Լուկաշենկոյի ավտորիտար ռեժիմը հերթական անգամ կեղծել է ընտրությունների արդյունքները։

Այդպես են կարծում նաև հազարավոր բելառուսցիներ, ովքեր դուրս են եկել բողոքի զանգվածային ցույցերի ողջ երկրով մեկ։ Ընդ որում, միշտ չէ, որ այդ ցույցերը խաղաղ բնույթ են կրում․ շատ հաճախ դրանք ուղեկցվում են բախումներով ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև։ Հարկ է նկատել, որ ոստիկանական զորքերը չեն խորշում մարդկանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելուց, ինչն էլ, բնականաբար, բերում է հակազդեցության։ Բախումների հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացի, կան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր վիրավորներ։ Ուժային մարմիններն արդեն սկսել են զանգվածային ձերբակալությունները Մինսկում և այլ քաղաքներում։ Զուգահեռաբար, ի նշան բողոքի, Մինսկում և այլ քաղաքներում ձեռնարկությունների աշխատողները զանգվածային գործադուլներ են սկսել։

Այս իրադարձություններին առնչվող վերջին կարևոր լուրերից մեկն այն է, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը և այժմ գտնվում է Լիտվայում։ Այս տեղեկությունը օգոստոսի 11-ին հայտնել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լիկյավիչուսը։

Թե ինչո՞վ կավարտվեն հետընտրական այս զարգացումները Բելառուսի Հանրապետությունում՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է մի բան, որ Բելառուսը, որի հետ Հայաստանի հարաբերություններն, ի դեպ, այնքան էլ հարթ չեն, մեր պետության շահերի տեսանկյունից որոշակի հետաքրքրություն ներկայացնող երկիր է՝ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի հետ միասին անդամակցում է ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին՝ միաժամանակ ավելի լավ հարաբերություններ ունենալով Հայաստանի դեմ թշնամական քաղաքականություն վարող Ադրբեջանի հետ, այլև այն պատճառով, որ ավելի լայն իմաստով այս երկիրը, մեզ հետ միասին, ապրում և գոյատևում է «հետխորհրդային» կոչվող տարածությունում, ուր տեղի ունեցող քաղաքական պրոցեսները իրար հետ մշտական փոխազդեցության վիճակում են։ Այս համատեքստում, իհարկե, դժվար է խուսափել այս օրերին Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների և Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ու նախորդ տարիների քաղաքական իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնելուց։

https://hay-life.ru/wp-content/uploads/2019/02/9_drakokhrust_zam_tutby_phsl-720x440.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բելառուսցի լրագրող, «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը։

– Պարոն Դրակոխրուստ, սկսենք վերջին կարևոր լուրից։ Տեղեկացանք, որ ընդդիմության փաստացի առաջնորդը՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը և այժմ Լիտվայում է։ Նրան ինչ-որ բա՞ն էր սպառնում, որ ստիպված է եղել լքել երկիրը։ Ինչո՞ւ է գնացել այդ քայլին։

– Անշուշտ, սպառնում էր։ Նախ և առաջ՝ իր ամուսինն այժմ բանտում է, որտեղ նրա վրա մեծ ճնշում է գործադրվում։ Ընդ որում, նրան այնտեղ շատ վատ է վերաբերվում պահակախումբը։ Բացի այդ, նրա հանդեպ շատ ստոր քայլ են արել՝ լուր տարածելով բանտում, թե նա, ինչպես քրեական ժարգոնով են ասում, «ցածր կարգավիճակ» ունեցող անձ է, այսինքն՝ «շփվել է նվաստացածների հետ, ուրեմն ինքն էլ է նվաստացած»։ Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե ինչ է դա նշանակում հետխորհրդային երկրի բանտում։ Ձեզ մոտ էլ նույնն է, և այդ բարքերով մենք բոլորս էլ դեռևս «սովետական» ենք»։ Այնպես որ, իր ամուսնուն, ըստ էության, այժմ պատանդ են պահում։

Բացի այդ, իր հետ էլ ինչ ասես՝ կարող էր պատահել։ Երեկ նրան կանչել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կարծում եմ, որ այնտեղ իր հետ խոսել են ոչ միայն ընտրությունների մասին, և ոչ միայն ընտրական համակարգի ներկայացուցիչներն են իր հետ խոսել, այլև այլ գերատեսչությունների ներկայացուցիչները։ Այնուհետև նա, ի դեպ, հանդես է եկել ելույթով, որը ոչ պակաս կարևոր է, քան իր արտագաղթը, և դիմելով համաքաղաքացիներին՝ ասել է, որ «կոչ եմ անում ձեզ հարգել օրենքը և փողոց դուրս չգալ»։ Դրանից հետո արդեն նա հայտնվել է Լիտվայում։ Այնպես որ, այդ քայլն, անշուշտ, շատ ուժեղ ճնշման հետևանք է։ Ընդ որում, ես կարծում եմ, որ իր հետ խոսելիս ավելորդ նրբանկատության ետևից չեն ընկել՝ սպառնալով նրան ինչով՝ ասես, որ իր ամուսնու հետ էլ, իր հետ էլ ինչ ասես՝ կարող է պատահել։ Եվ հետո մենք առայժմ չգիտենք բոլոր մանրամասները, թե ինչպե՞ս է նա հայտնվել Լիտվայում։ Ես չեմ բացառում, որ նրան Լիտվա են ուղարկել հենց իշխանությունները՝ ինչպես ժամանակին Սոլժենիցինին նստեցրեցին ինքնաթիռը և իջեցրեցին Քյոլնի օդանավակայանում։ Քանի որ տեղեկություններ են գալիս, որ նրան երկրից դուրս են հանել բելառուսական իշխանությունների ներկայացուցիչները։ Այնպես որ, հնարավոր է՝ արտագաղթի հարցում իր կարծիքը չեն էլ հարցրել կամ գուցեև հարցրել են, և նա համաձայնել է այդ տարբերակին։

– Նույնիսկ այդպիսի վարկա՞ծ կարող է լինել։

– Համենայն դեպս, ես մի տեղ կարդացի նման ձևակերպում, որ նրան երկրից դուրս են հանել բելառուսական իշխանությունները։ Դուք ինքներդ էլ հասկանում եք, թե ինչ իրավիճակ է այժմ բելառուսում․ ինտերնետն արգելափակված է, և ես այդ պահին «մոմ չեմ պահել» ու չեմ տեսել, թե ինչ ճանապարհով է նա լքել երկիրը և արդյո՞ք նա համաձայնել է դրան։ Ես չգիտեմ։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներում դա կպարզվի, նա հարցազրույց կտա Լիտվայում և կբացատրի, կասի այն, ինչ հարկ կհամարի ասել, քանի որ թեև ինքը հեռացել է, բայց իր ամուսինը, ինչպես արդեն ասացի, մնում է բանտում, որտեղ նրան այդքան էլ լավ չեն վերաբերվում։

– Ընդհանրապես երբ նման իրադարձություններ են տեղի ունենում հետխորհրդային տարածքի երկրներից մեկում՝ մենք ինքնաբերաբար սկսում ենք զուգահեռներ անցկացնել Հայաստանում 2018 թ տեղի ունեցած հեղափոխական շարժման կամ նախորդ տարիներին տեղի ունեցած հետընտրական զարգացումների հետ։ Մեզ մոտ էլ նախագահական յուրաքանչյուր ընտրությունից հետո որպես կանոն տեղի էին ունենում բողոքի զանգվածային ցույցեր, քանի որ ընտրողների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, չէին համաձայնում ընտրությունների արդյունքների հետ, լինում էին հետընտրական զարգացումներ, բախումներ և այլն։ Բայց նման դաժան վերաբերմունք ցուցարարների հանդեպ և զոհեր եղել են միայն 2008 թ նախագահական ընտրություններից հետո՝ մարտի 1-ին, և այս իրադարձություններն իրականում մեծ ազդեցություն ունեցան հայաստանյան հանրության, քաղաքացիների գիտակցության վրա՝ ազդելով հետագա տարիների պրոցեսների վրա և ի վերջո հանգեցնելով իշխանափոխության։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Բելառուսում մոտավորապես նույն գործընթացն է սկսվել։

– Ես հասկացա Ձեր հարցը։ Կարող եմ անմիջապես տալ հարցի պատասխանը՝ իհարկե ո՛չ։ Նկատի ունեմ այն իմաստով, որ սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ Բելառուսում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Եթե մի քիչ կարդացել եք Բելառուսի մասին, ապա պիտի իմանաք, որ 2006 թվականին Բելառուսում տեղի են ունեցել բողոքի ցույցեր օրեր շարունակ, եղել է վրանային ճամբար, այնտեղ կային տասնյակ հազարավոր մարդիկ ու կրկին մարդկանց ցրում էին բիրտ միջոցներով։ Բայց զոհեր այն ժամանակ չեղան։ Այդուհանդերձ, շատերը ձերբակալվեցին, շատերը ծեծվեցին և բռնության ենթարկվեցին, և այսպես շարունակ։ Հետո՝ 2010 թվականին, ևս ցույցեր եղան, անցկացվեց մեծ երթ, որին, տարբեր գնահատականներով, մասնակցում էին մինչև 60 հազար հոգի։ Կրկին բիրտ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, նախագահի թեկնածուներ հայտնվեցին բանտում։ Այնպես որ, ասել, թե միայն հիմա բելառուսցիները քնից զարթնեցին՝ ճիշտ չի լինի։

– Ես կվերաձևակերպեմ հարցս։ Ուզում էի հարցնել, որ սա ոչ թե առաջին անգամն է, այլ այսօրվա շարժումը, կարծես, մի նոր մակարդակի վրա է բարձրացնում Բելառուսի քաղաքացիական հասարակությանը։ Օրինակ, «Դոյչե Վելլե»-ի հոդվածներից մեկում կարդում ենք «Ընտրություններ ֆարս էին, Լուկաշենկոյի հաղթանակը՝ կեղծիքների արդյունք, բայց քաղաքացիական հասարակությունը Բելառուսում հաղթեց»։

– Գիտեք, դրանք, իհարկե, գեղեցիկ խոսքեր են, գեղեցիկ հռետորաբանություն է, բայց եթե խոսենք ինչ-որ փաստերի մասին, ապա, իհարկե, իրավիճակն այսօր բոլորովին այլ է, քանի որ այս անգամ որոշ տեղամասերում նույնիսկ պաշտոնական հանձնաժողովները, որոնց մեջ մտնում են այն չինովնիկները, բյուջետային աշխատողները, ուսուցիչները, որոնք թվում է, թե պիտի կատարեն իշխանությունների հրամանը, հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն Տիխանովսկայան հաղթել է։ Եվ դրանք տասնյակ հանձնաժողովներ են։ Նման բան նախկինում չի եղել։ Հետո քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին շատ բարձր տոկոս է կազմել, մեծ թվով մարդիկ ժամերով հերթ են կանգնել տեղամասերում, որպեսզի քվեարկեն։ Այս ամենը անուղղակի ցուցիչն է այն բանի, որ, այո՛, հասարակությունը փոխվել է։ Եվ այն, որ այսօր բողոքի ցույցեր են լինում ոչ միայն Մինսկում, այլև այլ քաղաքներում, ևս ցույց է տալիս տարբերությունը նախկինում եղած նմանատիպ պրոցեսներից, շրջափուլերից։ Այն ժամանակ՝ 2006-ին, 2010-ին, բողոքի ցույցեր լինում էին միայն մայրաքաղաքում՝ Մինսկում։ Իսկ այս անգամ միայն առաջին օրը՝ օգոստոսի 9-ին, ցույցեր եղան 33 քաղաքներում։ Այնպես որ, իհարկե, սա նոր որակ է։ Իսկ թե ինչի՞ սա կհանգեցնի, ինչո՞վ կավարտվի՝ դժվար է ասել։ Բայց որ կա նոր որակ՝ այո՛, դա ճիշտ է։

– Իսկ այն որ ընդդիմության առաջնորդը՝ Տիխանովսկայան, լքել է Բելառուսը և ըստ էության՝ դադարեցրել է պայքարը, դա չի՞ ազդի ընդդիմադիր շարժման հետագա ընթացքի վրա, չի՞ թուլացնի դրա թափը։

– Ոչ, քանի որ Տիխանովկայան ընդդիմության առաջնորդը չէ։ Իրականում իր ամուսինը՝ Սերգեյ Տիխանովսկին պետք է մասնակցեր ընտրություններին, բայց քանի որ նրան չգրանցեցին, իր փոխարենը կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան հայտ ներկայացրեց։ Բայց Տիխանովսկայան ի սկզբանե հայտարարել էր, որ հաղթելու դեպքում ինքը չի պատրաստվում ստանձնել երկրի ղեկավարումը, այլ կազատի իր ամուսնուն բանտից, նոր ընտրություններ կնշանակի, և թող այդ ժամանակ «խելացի մուժիկները» ազատ և արդար ընտրություններում պայքարեն նախագահի պաշտոնի համար։ Իսկ ինքը կվերադառնա իր կոտլետներին և տնային գործերին։ Տիխանովսկայան բելառուսական Փաշինյանը չէ։ Սա այդ դեպքը չէ։ Եթե Փաշինյանը 2018-ին վարվեր այնպես, ինչպես վարվեց Տիխանովսկայան, ապա կարծում եմ՝ դա սարսափելի հարված կլիներ հայկական շարժմանը, և բողոքը դրանով էլ կավարտվեր, Փաշինյանն էլ ամբողջությամբ կկորցներ իր հեղինակությունը։ Իսկ տվյալ դեպքում դա տեղի չի ունենում, Տիխանովսկայան մարդկանց չի կանչել հրապարակ, այդ պատճառով էլ երբ նա հեռացավ՝ դրանով նա ոչ ոքի չդավաճանեց։ Սա այդ իրավիճակը չէ, որ «երեկ ասում էիր՝ եկեք իմ ետևից, իսկ այսօր փախչում ես»։ Դա այդպես չէ։ Նա մարդկանց հրապարակ չէր կանչում։

– Այսինքն՝ պարտադիր չէ, որ իր հեռանալուց հետո շարժումը գնա դեպի անկում։

– Ես այսպես կասեի՝ շատ հարաբերական է։ Ինչ-որ մեկի մոտ դրանից հետո գուցե կորչի փողոց դուրս գալու ցանկությունը, ինչ-որ մեկը կարող է հիասթափվել, բայց շատերն էլ չեն հիասթափվի և կշարունակեն պայքարը։ Ինձ թվում է, որ այս պրոցեսն արդեն ունի իր ներքին տրամաբանությունը, իր ներքին շարժիչները, շարժառիթները։ Շատերի համար Տիխանովսկայան մնում է որպես լեգիտիմության խորհրդանիշ, շատերը կարծում են, որ նա է ընտրվել նախագահ, և եթե պայմանականորեն ասած՝ հեղափոխությունը հաղթի, ապա նա կգլխավորի պետությունը և կանի այն, ինչ խոստացել էր, այսինքն՝ արագ կկազմակերպի ընտրություններ, և ըստ իր բանաձի՝ «թող խելացի տղամարդիկ կամ կանայք ղեկավարեն երկիրը», իսկ ինքը հանգիստ կվերադառնա իր «կոտլետներին»։ Այլ խոսքերով՝ ես չեմ բացառում, որ եթե գործող իշխանությունները հույս ունեին, որ նրան երկրից հեռացնելով՝ վերջ կտան բողոքի ցույցերին, ապա հնարավոր է՝ նրանց հաշվարկներն իրականանան։ Բայց հնարավոր է, որ նաև սխալվեն։ Նրանք մեկ անգամ արդեն սխալվել են Տիխանովսկայայի հետ կապված կանխատեսումներում, և չեմ բացառում, որ երկրորդ անգամ էլ վրիպեն։

– Եվ վերջին հարցը՝ Փաշինյանի շնորհավորանքի մասին։ Ընտրությունների հաջորդ օրը՝ օգոստոսի 10-ին, Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Դրա մասին հայտնի դարձավ օրվա վերջում։ Շատ մարդիկ Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին շնորհավորելը բացասաբար և քննադատաբար ընկալեցին և՛ մեզ մոտ, և՛ ձեզ մոտ՝ Բելառուսում։

– Այո՛, անշուշտ։ Հենց այդպես էլ կա։ Դե, ի՞նչ ասեմ։ Դրա համար կարելի է միայն ափսոսալ։ Սա ճակատագրի դառը հեգնանք է, երբ հաղթած հեղափոխության առաջնորդը շնորհավորում է բռնակալի, դիկտատորի, որը ճնշում է նույնպիսի հեղափոխություն, ինչպիսին եղավ Հայաստանում։ Եվ քանի որ հեղափոխությունը Հայաստանում վերջերս է եղել՝ այդ շնորհավորանքը նմանվեց դառը հեգնանքի։ Ընդ որում, ակնհայտ է, որ այնքան էլ պարտադիր չէր այդ պահին դա անելը, քանի որ, օրինակ, հարևան երկրի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը վատ հարաբերություններ չունի Լուկաշենկոյի հետ, և հնարավոր է՝ նա նույնիսկ կարծում է, որ Լուկաշենկոյի հաղթանակը ամենավատ տարբերակը չէ Ուկրաինայի համար, առայժմ չի շտապում շնորհավորելու հարցում, թեև նա ամենևին էլ Մայդանի հերոս չէ, Մայդանի հաղթող չէ և ի տարբերություն Փաշինյանի՝ նմանատիպ հեղափոխական ալիքի վրա չի եկել իշխանության։ Այլ խոսքերով՝ Զելենսկին չունի այն երկիմաստությունը, որն ունի Փաշինյանը։ Այդուհանդերձ, նա չի շտապում։ Հնարավոր է՝ շնորհավորի, իսկ միգուցեև չշնորհավորի ընդհանրապես։ Եվ այն, որ Փաշինյանը Ալիևի հետ նույն շարասյան մեջ հայտնվեց, բնականաբար, շատերին վշտացրեց։ Բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ ես էլ, դուք էլ հասկանում ենք, թե ինչու նա արեց դա։

– Ինչո՞ւ։

– Աշխարհաքաղաքական նկատառումների պատճառով, քանի որ նա այդպես է տեսնում Հայաստանի ազգային շահերը։ Նա գիտեր, որ Ալիևն արդեն շնորհավորել է, և եթե Լուկաշենկոն մնա իր աթոռին, ինքն էլ շնորհավորած չլինի, ապա դա նշանակում է նոր զենք Ադրբեջանին, նոր գործարքներ Ադրբեջանի հետ։ Սա բացատրություններից մեկն է։

Իսկ երկրորդ բացատրությունն այն է, որ Փաշինյանին կարող էր շատ թախանձագին խնդրած լինել Պուտինը։ Եվ քանի որ Փաշինյանը հակառուսական հեղափոխության առաջնորդ չէ, քանի որ Թավշյա հեղափոխությունը հակառուսական ուղղվածություն չուներ, և մեծ դաշնակցի կարծիքը հարկավոր է հաշվի առնել․․․ Միգուցե նա կարող էր անտեսել բոլոր այս գործոնները, կարող էր անտեսել Պուտինի խնդրանքը՝ ասելով, թե «հետո ի՞նչ, որ Պուտինը խնդրել է։ Ես ուզում եմ լինել Բելառուսի ազատատենչ ժողովրդի հետ», կամ էլ՝ « դե լավ, ոչինչ, եթե Լուկաշենկոն պահպանի իշխանությունը՝ թող մի քանի հրթիռ էլ վաճառի Ադրբեջանին, իսկ ես հավատարիմ կմնան իմ սկզբունքներին», և ծանր ու թեթև աներ մեկն էլ, մյուսն էլ։ Իսկ ես համոզված եմ, որ նա ծանր ու թեթև արել է։ Ես չեմ կարծում, թե պարզապես Պուտինը զանգահարել է նրան և ասել՝ «այսպես արա», և նա արել է։ Վստահաբար այդպես չի եղել։ Եվ երբ նա կշռադատել է ամեն ինչ՝ որոշել է այդպես վարվել։ Անձամբ ես ափսոսում եմ այդ որոշման կապակցությամբ, բայց չեմ պատրաստվում քարեր շպրտել նրա վրա և ասել, թե նա սրիկա է, դավաճանել է իր գաղափարներին և սկզբունքներին։ Ո՛չ, ես նման բան չեմ ասի։ Ինչպես ռուս դասականն էր գրում՝ «ծանր է Մոնոմախի գլխարկը»։ Այն իրոք շատ ծանր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում