Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։ Այս մասին հայտնում են ԹԻՀԿ-ից։

Ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 1-ին, ԹԻՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին․ «Որպես ծրագրի իրականացման երաշխիք ֆինանսական ապահովման ինչպիսի՞ իրավական հիմքեր են ներկայացրել 33-րդ թաղամասի տարածքներ ձեռք բերողները և ՀՀ կառավարության հետ կնքվե՞լ են արդյոք գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր: Առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել բոլոր փաստաթղթերի պատճեները, քննարկվե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունում 203.2018թ. թիվ 332-Ն որոշմամբ 33-րդ թաղամասը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու խնդրահարույց որոշման իրավաչափությունն այն առումով, որ դրանով տարածքներ ձեռք բերող ընկերությունները հիմնականում պատկանում են Էդուարդ Մելիքյանին, որի նախկին և ներկա խնդրահարույց վարքագիծն ու գործողությունները նաև 33-րդ թաղամասի հետ կապված, պետության ներկայացուցիչների «միտումնավոր և նպատակադրված անգործությունն» ուղղակիորեն ցույց են տալիս գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բարձր հավանականությունը, ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը Էդուարդ Մելիքյանի կողմից իրավաբանորեն տարբեր ընկերությունների միջոցով 33-րդ թաղամասի ծրագրում թվացյալ մրցակցություն ցուցադրելու և պետաիշխանական լիազորություններով օժտված պատկան մարմինների կողմից նշված իրողությունը քողարկելու, հանրությանը կեղծ և շինծու տեղեկատվություն ներկայացնելու գործողությունները,

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրության 3-րդ գլխի 10-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ կոմիտեի խնդիրներից է նաև քաղաքաշինական օբյեկտների լավագույն ճարտարապետական լուծումների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և դրանց իրականացման աջակցությունը։ 33-րդ թաղամասով քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության կողմից որոշման կայացման հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ մրցութային գործընթաց չի իրականացրել։ Ընդ որում, կոմիտեի նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում աշխատել է Նարեկ Սարգսյանը, ով ներկայումս հանդիսանում է նախագծի գլխավոր ճարտարապետը: Ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարությունը 33-րդ թաղամասում քաղաքաշինության կոմիտեի բացահայտ շահագրգռվածությունը` իր գործառույթների հետ կապված նախկինում և ներկայում անգործություն դրսևորելու վերաբերյալ»։

ՀՀ փոխվարչապետի կողմից ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան ուղարկված գրությամբ, ըստ էության, մերժվել է հայցվող տեղեկատվության տրամադրումը (հարցադրումներից 1-ինի մասով) հայցվող տվյալների՝ բանկային և առևտրային գաղտնիք լինելու պատճառաբանությամբ, իսկ մյուս հարցադրումների առնչությամբ նշվել է, որ դրանցով ակնկալվում է ստանալ ոչ թե տեղեկություն, այլ կարծիք, ինչն, ըստ փոխվարչապետի գրասենյակի, չի հանդիսանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կարգավորման առարկա:

ԹԻՀԿ-ն, հղում անելով ՀՀ սահմանադրությանը և օրենքներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տարբեր գործերով կայացրած որոշումներին, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել կազմակերպության կողմից 01.07.2020թ.-ի հարցմամբ պահանջվող ողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը։

ԹԻՀԿ-ին դատարանում ներկայացնելու են փաստաբաններ Էլինա Գյուրջյանը, Գենյա Պետրոսյանը, Երանուհի Թումանյանցը և Դավիթ Գյուրջյանը։