2020 թվականի ապրիլի 25-ից, մի շարք փոփոխությունների շնորհիվ, Հայաստանում ներդրվեց բարեվարքության ստուգման հայեցակարգը եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու անգամ հնարավորություն ունեցավ այն կիրառելու: Այսօր, հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նպատակով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթի հանրային քննարկման ժամանակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց հայեցակարգը, որի միջոցով հանձնաժողովն ուսումնասիրում է պետական պաշտոններին նշանակման ենթակա անձանց: Այս կարգով են քննվելու հակակոռուպցիոն դատարանի դատավորների դիմումները: Գործընթացն իրականացվում է չորս փուլով՝ տվյալ անձի եւ նրա ընտանիքի գույքի եւ եկամուտների հայտարարագրի ներկայացում, նախկինում վարչական, քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հարց, նախկին աշխատանքային, մասնագիտական գործունեություն, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ հարց: